«Եթե ձեզնից շատերն իրապես հավատան այն ամենին, ինչ կատարվել է խաչի վրա, նրանք այլևս նույնը չեն մնա»,- հենց այս խոսքերով սեպտեմբերի 2-ի աշնանային երիտասարդական առաջին ծառայությանը իր քարոզը սկսեց Համլետ Արսենյանը, իսկ  փառաբանությունն անցկացրեց Հրազդանից հյուրընկալված թիմը:

Համլետի առաջարկով` երիտասարդները, մի քանի րոպե խաչին նայելով, պետք է մտածեին Քրիստոսի արած գործի մասին: Այնուհետև նա երիտասարդների ուշադրությունը հրավիրեց այն հարցերին, թե ինչ ենք անում մենք` քրիստոնյաներս, ի պատասխան Քրիստոսի խաչելության, ինչով ենք տարբերվում այս աշխարհից, և արդյո՞ք շրջապատը տեսնում է մեզանում այն լույսն ու աղը, որոնց մասին վկայում է Տիրոջ Խոսքը:

Ավելի քան 2000 տարի առաջ Հիսուսը խաչի վրա կրեց մեր մեղքերը, մեր բոլոր դժբախտություններն ու ցավերը: Եվ այն, ինչ Տերն ակնկալում է մեզնից՝ ի պատասխան Իր արած քայլի, մեր սրտի անկեղծ ու անմնացորդ նվիրումն է Իրեն:

Քրիստոնյաները գնում են աշխարհի հոսանքին հակառակ: Սա ճանապարհ է, որն ընտրում ենք ինքներս: Համլետ Արսենյանը հորդորեց՝ անկեղծ լինել Աստծո առջև, քանի որ Նրա աչքից, միևնույն է, ոչինչ վրիպել չի կարող:

Համլետի խոսքով` երբեմն այնքան ենք տարվում լավ և ապահով կյանքով, որ աչքաթող ենք անում գլխավորը: Բայց Տերը նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան: Նա շարունակում է նայել մեր կյանքին  և ակնկալել մեր սիրտը:

«Ուզում եմ, որ  մեր կյանքում այսօր լրջություն գա: Իմացի՛ր, դո՛ւ ես որոշում` որ կողմ գնաս, ինչպես վարվես,  բայց եթե որոշում ես Հիսուսին հետևել, ապա նվիրվի՛ր Տիրոջը և պարկեշտ կյանքով ապրիր, որ քո պատճառով Նրա անունը չհայհոյվի: Ժամանակն է, որ Աստծո փառքը երևա քո կյանքում: Ժամանակն է, որ քո կյանքը քարոզի Ավետարանը»,- ասաց Համլետը:

Վերջում նրա հետ միասին երիտասարդներն աղոթեցին` իրենց սիրտը տալով Քրիստոսին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: