Փիլիպեցիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը ցույց է տալիս մի հրաշալի ճանապարհ, որով պետք է քայլենք մեր քրիստոնեական կյանքում: Նա ասում է, որ ինչ էլ անենք թե’ Տիրոջ համար, թե’ մարդկանց, չպետք է լինի գրգռումով և սնապարծությունով, այլ խոնարհությունով և մեր դիմացինին մեր անձից ավելի բարձր համարելով:  

Իհարկե, դա կարող է մեզ դուր չգալ: Նայելով մեր շրջապատի մարդկանց՝ մենք կարող ենք մտածել, որ դժվար է խոնարհվելը և ինչ-որ մեկին մեզնից բարձր համարելը, որովհետև դա նվաստացնում է մեզ, դիպչում մեր ինքնասիրությանը:  

Սակայն գիտենք, որ Աստված խոնարհներին բարձրացնում և շնորհք է տալիս: 
Իհարկե, շատ ավելի հեշտ է բարձր դասել նրան, ով մեզնից ուժեղ է կամ պաշտոնավոր, քան նրան, ով մեզ հավասար է կամ մեզնից ցածր: Սակայն Աստծո խոսքը նկատի ունի բոլոր մարդկանց:  

Աստված այս պատվիրանով չի ցանկանում դիպչել քո դիրքին կամ արժանապատվությանը, այլ՝ քո սրտին, որպեսզի մարդկանց հետ վերաբերվես սրտի խոնարհությամբ, ոչ թե ամբարտավանությամբ՝ ելնելով քո դիրքից:

Նույնը վերաբերում է նաև ընտանեկան փոխհարաբերություններին: Շատ ամուսնական զույգեր խնդիրներ ունեն, որովհետև չեն կարողանում միմյանց հարգել. ամեն մեկը իր անձը մյուսից ավելի բարձր է համարում:  

Սիրելինե’ր, ոչ մի բան մի արեք գրգռումով և ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով մեկդ մյուսին ձեր անձից ավելի լավ համարեք: Հավատացած եմ, որ այդ ժամանակ Տիրոջ փառքը կլինի ձեզ վրա, և Տերը ձեզ ավելի կբարձրացնի և կզորացնի: 

Թող Աստծո օրհնությունը և խաղաղությունը ձեզ հետ լինեն: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: