Հովհաննես առաքյալը մեզ հրաշալի հայտնություն է տալիս, թե ինչպես պետք է ապրել և սիրել միմյանց: Նա ասում է, որ եթե մեկը, այս աշխարհի հարստությունն ունենալով, իր եղբորը կամ քրոջը ինչ-որ բանի կարոտ տեսնի և իր աչքերը փակի, ուրեմն Աստծո սերը նրա մեջ չի բնակվում:

Սիրելինե՛ր, եկեք իրականում քրիստոնեական կյանքով ապրենք: Շատերն են ասում, թե ապաշխարել են, բայց ապաշխարությունը պետք է պտուղ ունենա: Հովհաննես Մկրտիչը խոսում էր ապաշխարության արժանի պտղի մասին. “…նա, որ երկու հանդերձ ունի, թող մեկը չունեցողին տա, և նա էլ, որ կերակուր ունի, թող նույնպես անի” (Ղուկ. 3.11):

Աստված մեզ կոչ է անում գթասիրտ լինելու: Ժամանակն է, որ մեր աչքերը բացենք և տեսնենք մարդկանց կարիքները: Ժամանակն է, որ մեր զգեստապահարանները բացենք և տեսնենք, թե ինչ կարող ենք տալ մեր ընկերներին, հարազատներին կամ նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Միգուցե դու առատություն ունես, բայց կողքինդ պակասության մեջ է ապրում: Աստծո Խոսքն ասում է. “Այսօրվա ձեր ավելին նրանց պակասությունը թող լցնի…” (Բ Կորնթ. 8.14):

Գրված է. “Որդյակնե՛ր, չսիրենք խոսքով և ոչ էլ լեզվով, այլ գործով և ճշմարտությամբ”: Խոսքով սիրողները շատ են, գործով սիրողները՝ քիչ: Մարդիկ միմյանց ասում են. “Ես քեզ սիրում եմ”, բայց նրանց գործերն այլ բան են ասում:

Մայր Թերեզան ողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում սիրել ոչ միայն խոսքով, այլև գործով և ճշմարտությամբ: Ինձ համար գթասրտության մեծ օրինակ է նաև Աստծո ծառայողներից Լեսթեր Սամրալի կյանքը: Եվ, իհարկե, ամենամեծ օրինակը Հիսուս Քրիստոսն է, Ով այս երկրի վրա ապրեց՝ մարդկանց գթալով, բժշկելով և օգնելով:

Գթասրտությունը աստվածային բնավորություն է: Եղեք գթասիրտ:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: