Հայտնության գրքում հետաքրքիր խոսքեր ենք կարդում հաղթողների մասին. «Ով որ հաղթի, ամենը կժառանգի. և Ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի Ինձ որդի»: Հաղթողներին է պատկանում ամեն բան: Սա չի նշանակում, որ Աստված հրաժարվում է թույլերից: Ընդհակառակը, Նա ուժեղացնում և բարձրացնում է թույլերին:

Ես շատ եմ լսել տրտունջներ, մարդիկ միշտ դժգոհում են, որ այս կյանքում ամեն ինչ վատ է, բայց եթե ուզում ենք, որ Տերը մեզ վստահի այն միսիան` գործը, որի համար կանչված ենք, պետք է ուժեղ լինենք:

Այսօր մեր առջև շատ խնդիրներ, մարտահրավերներ կան. ինչպե՞ս ենք մենք վարվում` ճանապարհի կեսից հանձնվո՞ւմ ենք, թե գնում ենք մինչև վերջ և հաղթում:

Մի անգամ ինքնաթիռում հոգևոր թեմաներով զրուցում էի մի անձնավորության հետ: Ինչ խոսում էի, նա հակառակվում էր: Ի վերջո, մտածեցի` ի՞նչ կարիք կա նրան ինչ-որ բան բացատրելու, ինչպես ուզում է, այդպես էլ թող մտածի ու ապրի: Մոտավորապես 10 րոպե հետո մեր ինքնաթիռը վայրէջք էր կատարելու, և ես նրան այլևս չէի տեսնելու: Մյուս կողմից էլ մտածում էի` ո’չ, ես պետք է հաղթեմ այս «պայքարում». եթե գիտեմ ճշմարտությունը, ինչո՞ւ չասեմ, ինչո՞ւ այդ մարդը իր սխալ կարծիքին մնա: 

Վստահ եմ, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մտածում ենք` ինչի՞ս է պետք նյարդայնանալ, տրամադրությունս փչացնել ինչ-որ մեկի համար: Սակայն չի կարելի հանձնվել. եթե ճշմարտությունը գիտես, պետք է հաղթես:

Սիրելինե’րս, եթե այսօր ձեր կյանքում կա մի իրավիճակ, որ ձեզ մարտահրավեր է նետում, մի’ հանձնվեք ժամանակից շուտ, այլ պայքարե’ք և հաղթե’ք:

Թող Տերը օրհնի ձեզ, որ ունենաք նորանոր հաղթանակներ: Հավատացած եմ, որ դեռ շատ վկայություններ կլսենք ձեր հաղթանակների մասին: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: