Ո՞րն է կնոջ դերը այսօր եկեղեցում, ի՞նչ պարտականություններնա կարող է իրականացնել, ինչպիսի՞ դիրք ունենեկեղեցիներում կին քարոզիչները. այս և նման թեմաների շուրջմեր հարցերին է պատասխանում Շվեդիայի «Կյանքի Խոսք»եկեղեցու քարոզիչ, տեղի Աստվածաշնչյան դպրոցի ուսուցիչ,փառաբանության և աղոթքի պատասխանատու ԵվաՄուբերգը:

Ըստ ձեզ՝ ի՞նչ դեր ունի այսօր կինը եկեղեցում:

Այսօր կինը եկեղեցում ունի այն դերը, որն ունեն բոլոր հավատացյալները: Կինը պետք է իր սիրտը նվիրի Տիրոջը, գտնի իր տեղը եկեղեցում և մեծ վստահությամբ, խաղաղ սրտով ծառայի եկեղեցում:

Ինչպես գիտենք՝ որոշ եկեղեցիներում կանանց արգելված է քարոզել: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

Այո, որոշ եկեղեցիներում կանանց արգելված է քարոզել՝ լինել ուսուցիչ կամ ծառայող: Աստվածաշնչում ասվում է, որ իմ ծառաները և աղախինները կմարգարեանան: Սա նշանակում է, որ կանանց նույնպես Աստված կարող է օգտագործել, որպեսզի նրանք մարգարեանան և հայտնեն Աստծո խոսքը: Հիսուսն ընտրեց 12 աշակերտների: Բոլորն էլ տղամարդիկ էին և եկեղեցում կարևոր դիրք էին զբաղեցնում: Այսպիսով, կարծում եմ, որ այս ամենը պետք է հաշվի առնենք: Բայց կան նաև այնպիսի բնագավառներ, որտեղ ես ընդհանրապես չպետք է մրցակցեմ տղամարդկանց հետ: Ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին որ կամ, և խաղաղ սրտով ծառայեմ եկեղեցում: Այսպիսով, նման խնդիր ես երբեք չեմ ունեցել: Իմ հովիվը և եկեղեցին ինձ միշտ աջակցել են այս հարցում: Ես որևէ դիրք չեմ փնտրում եկեղեցում: Ես ցանկանում եմ ծառայել եկեղեցուն այն ամենով, ինչով որ անհրաժեշտ է:

Ըստ ձեզ՝ ո՞րն է ճիշտ ընտանիքի մոդելը:

Ճիշտ ընտանիքում պետք է Աստծո ներկայությունը լինի: Այնտեղ պետք է սեր, խաղաղություն, ներդաշնակություն, փոխհամաձայնություն և հարգանք լինի միմյանց նկատմամբ: Կանայք ավելի շատ են զբաղվում տնային հոգսերով, քան տղամարդիկ: Չնայած որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր դեր ունի ընտանիքում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ամեն մեկը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ կա, և ծառայի ընտանիքի բոլոր անդամներին: Ընտանիքում ես և ամուսինս թիմային աշխատանք ենք կատարում. երբ ես օգնության կարիք ունեմ, նա է ինձ օգնում, երբ նա օգնության կարիք ունի, ես եմ նրան օգնում: Սա մրցակցություն չէ. ես չեմ կարծում, որ իմ ամուսինը պետք է այս գործով զբաղվի, քանի որ նա տղամարդ է, իսկ նա այն կարծիքին չէ, որ ես պետք է զբաղվեմ մեկ այլ գործով, քանի որ ես կին եմ: Մենք չպետք է միմյանց կոպիտ խոսքեր ասենք, այլ պետք է փորձենք այնպես անել, որ մեր ընտանիքը միասնական լինի: Այդ ամենը պետք է իրականացնենք միահամուռ ուժերով: Ճիշտ  ընտանիքի մոդելը կարող է տարբեր կերպ դիտարկվել, բայց ընտանիքում մշտապես պետք է ներդաշնակություն, սեր և հարգանք լինի միմյանց նկատմամբ:

Ի՞նչն է այսօր պակասում քրիստոնյա կնոջը:

Կարծում եմ, որ կանայք շատ բան պետք է անեն: Մենք կարող ենք ծառայել Աստծո կողմից մեզ տրված հոգատարության, մարդկանց օգնելու և սիրո պարգևներով: Որպես կնոջ՝ Աստված մեզ յուրահատուկ շնորհք է պարգևել՝ լինելու հոգատար և կյանք պարգևող: Առաջին կնոջը Աստված անվանեց կյանք պարգևող, կենսատու: Այսպիսով, ես կարծում եմ, որ որպես կին մենք կարող ենք կյանք պարգևել մեր եկեղեցուն, կյանքով լցնել մեզ շրջապատող մարդկանց և մեր շուրջը հաճելի միջավայր ստեղծել: Մենք կարող ենք առաջնորդել մարդկանց, եթե սրտաբաց լինենք նրանց նկատմամբ: Այսպիսով, քրիստոնյա կնոջն այսօր պակասում է հավատքը, որ նա ընդունակ է փոխել ամեն բան: Տղամարդիկ, ովքեր բնակվում են Քրիստոսի մարմնի մեջ, նրանք Քրիստոսի մարմնի մեջ բնակվող կանանց կարիքն ունեն: Հիսուսի շուրջը կային այնպիսի կանայք, ովքեր Նրա ետևից էին գնում և ծառայում Նրան: Մեզ ոչ ոք չի արգելում մտերիմ լինել Հիսուսի հետ: Մենք կարող ենք սիրել Նրան, մտերիմ շփում ունենալ Հիսուսի հետ և նույնպես օգնել ուրիշներին՝ վերապրելու այս ամենը: Մենք չպետք է տարբերություն դնենք կանանց և տղամարդկանց միջև, այլ պետք է պահենք հավասարակշռությունը և հարգանք ունենանք միմյանց նկատմամբ:

Ո՞րն է կնոջ իրական կոչումը:

Կինը պետք է Աստծուց տրված իր կոչման մեջ լինի: Դժվար է ասել, թե որն է տղամարդու կոչումը կամ` թե որն է կնոջ կոչումը: Իմ կյանքի ընթացքում ես շատ եմ աշխատել տղամարդկանց հետ, եղել եմ նաև նրանց ղեկավարը: Այժմ սոցիալական աշխատանքով եմ զբաղվում և աշխատում եմ ղեկավար մարդկանց հետ, բայց չեմ կարծում, որ եթե ես կին եմ, ուրեմն չեմ կարող աշխատել կամ փոխհամաձայնության գալ տղամարդու հետ: Ես Աստծո կողմից կանչված եմ, որպեսզի խաղաղ սրտով ծառայեմ Նրան: Ես ինքս որևէ դիրք կամ տեղ չեմ զբաղեցրել: Աստված է ինձ դրել իմ կոչման մեջ: Այսպիսով, ես կարծում եմ, որ կնոջ կոչումն է` գտնել իր ծառայությունը եկեղեցում և օգտագործել Աստծո կողմից իրեն տրված բոլոր պարգևները:

Որպես վերջաբան՝ ի՞նչ կասեիք, կամ` ի՞նչ խորհուրդ կտայիք կանանց:

Կանայք պետք է զգուշանան իրենց սրտից, քանի որ նրանից է կյանքի ելքը: Այնքան էլ հեշտ չէ` մշտապես սիրտը մաքուր պահելը, քանի որ կարող ենք կյանքում հիասթափություններ և դժվարություններ ունենալ: Ես այնքան օրհնված եմ, որ հնարավորություն ունեմ գալ և ծառայել աղոթքախմբում, որովհետև ես նույնպես կարիքներ ունեմ: Երբ կինը ղեկավար է, չի նշանակում, որ նա կարող է միայնակ անցկացնել իր կյանքը: Ոչ ոք չի կարող միայնակ լինել այս կյանքում: Կանայք եկեղեցու քույրերի կարիքն ունեն, ովքեր կարող են աղոթել նրանց համար և աջակցել նրանց: Այսպիսով, կնոջ սրտում չպետք է հիասթափություն լինի, և նրա հոգին հոժար պետք է լինի: Դավիթը խնդրում էր Տիրոջը, որ Տերը նրան հոժար հոգի տար: Երբ տարիներ շարունակ ծառայում ես, կյանքում կարող ես հանդիպել տարբեր մարտահրավերների կամ, գուցե, ինչ որ մեկը քեզ ետ պահի Աստծուն ծառայելուց: Միգուցե մտածես, թե ծառայելը դժվար է և ասես. «Ես չեմ ցանկանում ծառայել, ես հոգնել եմ»: Բայց Տերը կարող է քեզ այլ ճանապարհով ուղղորդել, որ հոժարակամ քայլես Նրա հետ և ծառայես Նրան: Կարող եմ ասել, որ ես եկեղեցու ծառայող եմ, և այն ամենը, ինչ որ իմ հովիվը խնդրում է ինձ` անել, ես պատրաստ եմ անել, իհարկե ամուսնուս հետ համատեղ ուժերով: Ես և ամուսինս մեր կյանքը նվիրել ենք եկեղեցուն, և միասին ծառայում ենք Հիսուսին` երբեմն նույն, երբեմն էլ տարբեր բնագավառներում: Մեկ տարի է` զբաղվում եմ սոցիալական աշխատանքով: Սա բոլորովին այլ բնագավառ է և հրաշալի է աշխատել նոր պայմաններում. այս առումով ես շա՜տ օրհնված եմ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: