Աստված հրաշալի է արարել աշխարհը: Նայե՛ք կապույտ երկնքին, բարձր սարերին, ծովերին, բնության հրաշալիքներին: Նա հրաշալի է ստեղծել նաև մարդուն: Աստվածաշունչն ասում է, որ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով ու նմանությամբ:

Աստված սիրում է այս աշխարհը, բայց չի սիրում այս աշխարհի ոգին, որ Ադամի պատճառով մտավ աշխարհ և ամենուրեք ծավալեց իր գործունեությունը:

Աստծո սերն այնքան մեծ է, որ Նա Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Սրանից ավելի մեծ սեր չկա:

Մի պահ պատկերացրեք, թե փողոցում նստած փող եք մուրում, և մի մեծահարուստ մարդ, անցնելով ձեր կողքով, ձեզ օգնության ձեռք է մեկնում և ասում. “Այսօրվանից դու այլևս փող չես մուրա. քո փոխարեն իմ որդին կմուրա, իսկ դու ապահով կապրես իմ տանը”: Մի՞թե երախտապարտ չեք լինի նրան:

Սիրելինե՛ր, Աստված Իր միածին Որդուն զոհեց մեզ համար, որպեսզի մենք չկորչենք, այլ հավիտյան ապրենք Իր արքայության մեջ:

Եկեք գնահատենք Տիրոջ սերը և մեզ շնորհված փրկությունը: Ինչպես Աստված սիրեց մեզ, այնպես էլ մենք սիրենք Նրան, և ողջ սրտով ասենք. “Տե՛ր, ես սիրում եմ Քեզ: Շնորհակալ եմ, որ Քո միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ՝ ինձ փրկելու համար: Ես և իմ զավակներն էլ անձնուրաց կծառայենք Քեզ, որպեսզի փրկվածների թիվն ավելանա աշխարհում”:

Ոմանք ասում են. “Ի՞նչ տարբերություն քրիստոնեության և մյուս կրոնների միջև. չէ՞ որ բոլորն էլ Աստծուն են հավատում”: Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսն է Փրկիչը, և Նրան հավատացողը չի կորչի:

Մոտեցե՛ք Աստծուն, խոստովանե՛ք Նրան ձեր սերը: Հավատացե՛ք, որ Աստված ձեզ շատ է սիրում: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: