Ես բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, ովքեր մեծ ցանկություն ունեն օգնելու ուրիշներին: Ոմանք երազում են շատ գումար ունենալ և ինչ-որ մեկին ազատել պարտքերից, մյուսները՝ լավ իրավաբան դառնալ և իրենց գիտելիքներով օգնել մարդկանց, երրորդները՝ ընտրում են բժշկի մասնագիտությունը, որպեսզի բուժեն հիվանդներին:

Երբ այցելում ես հիվանդանոցներ և  տեսնում հիվանդ ու տառապող մարդկանց, միայն մի բան ես մտածում՝ ինչպե՞ս օգնել նրանց: Մի մարդ, հիշելով իր հարազատի մահը, ասում էր. “Ախ, եթե կարողանայի, ամեն ինչ կանեի, որ նրան փրկեի քաղցկեղից”: Մենք տեսնում ենք, որ մեր մեջ մարդկանց փրկելու մեծ փափագ կա:

Պողոս առաքյալն ասում է, որ Ավետարանը Աստծո զորությունն է ամեն հավատացողին փրկելու համար, և ինքն ամոթ չի համարում Ավետարան քարոզելը: Եթե բժիշկը կամ իրավաբանը ամաչեին իրենց մասնագիտությունից, ոչ ոքի չէին կարող օգնել:

Ինչպես  բժիշկը չի ամաչում բժիշկ լինելուց, իրավաբանը` իրավաբան լինելուց, նախագահը` նախագահ լինելուց, այնպես էլ քրիստոնյան չպետք է ամաչի քրիստոնյա լինելուց և Քրիստոսի Ավետարանը քարոզելուց: Շատերն ասում են. “Ի±նչ կմտածեն մարդիկ”: Մարդիկ ոչ մի վատ բան էլ չեն մտածի: Լսելով Քրիստոսի Ավետարանը` շատերը կապաշխարեն և կփրկվեն, որովհետև Ավետարանը մարդկանց փրկության համար է:

Եթե այսօր ինչ-որ մեկը հայտնվում է քո կողքին, պատահական չէ: Միգուցե այսօր է նրա փրկության օրը: Մի’ թաքցրու նրանից փրկության լուրը: Հիշի’ր, թե ինչպես Ավետարանը քեզ հասավ: Չէ՞ որ կային մարդիկ, ովքեր չամաչեցին, և դու փրկություն գտար: Այդպես էլ դո’ւ մի ամաչիր և Ավետարանը հասցրու այն մարդկանց, ովքեր դեռ չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին: Տարածի’ր Բարի լուրը՝ Հիսուս Քրիստոսի անունով: Ամե’ն:
 

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: