DAILY DEVOTION-am-1200-600

Աստվածաշունչը զգուշացնում է երիտասարդներին և, ընդհանրապես, ողջ մարդկությանը, որ այս կյանքից հետո կյանք կա: Ուստի յուրաքանչյուր մարդ իրեն պետք է հաշիվ տա, թե իր կյանքից հետո ուր է գնալու:

Այն կյանքը, որ տանում է դեպի մահ, կյանք չէ: Եթե մարդը մարդ է ծնում, կենդանին` կենդանի, ապա կյանքն էլ պետք է կյանք ծնի: Աշխարհը հենց այս սկզբունքի վրա է հիմնված: Եթե կյանքից մահ է ծնվում, ուրեմն ինչ-որ բան սխալ է:

Մենք կարող ենք ասել, որ լիարժեք կյանք ունենք միայն այն դեպքում, երբ գիտենք, որ այս կյանքից հետո էլի կյանք կա: Այդ կյանքը մեզ խոստացել է Քրիստոսը: Նա եկավ այս աշխարհ և մահացավ մեզ համար, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք: Սակայն շատերը հերքեցին Քրիստոսի ճանապարհը և ապրում են իրենց տեսիլքով և ցանկություններով:

Ժողովողն ասում է. «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո մանկությունում, և թող զվարճացնի քեզ քո սիրտը երիտասարդությանդ օրերում. և գնա՛ քո սրտի ճանապարհով և աչքերիդ նայվածքով. և իմացի՛ր, որ սրանց ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու»:

Շատերն ասում են. «Կյանքը պետք է վայելել»: Ի՞նչ նկատի ունեն նրանք՝ ասելով «կյանք»: Մի՞թե կյանքը ուտել-խմելն է կամ շնություն անելը:

Սիրելինե’ր, կյանքը դա չէ: Կյանքը Աստծուն հավատարիմ լինելն է, մարդկանց բարություն անելը, ուրախացնելը, բարձրացնելը, հավիտենական կյանքի ճանապարհի վրա կանգնեցնելը:

Եկեք այնպես ապրենք, որ ոչ միայն երկար ապրենք, այլև հավիտենական կյանք ունենանք: Եվ չմոռանանք, որ վերջում բոլորս կանգնելու ենք Աստծո դատաստանի առջև: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: