Պողոս առաքյալն այստեղ խոսում է ասպարեզում վազողների մասին: Նա ասում է, որ բոլորն են վազում, բայց մեկն է ստանում մրցանակը: Մենք պետք է այնպես վազենք, որ հաղթենք:

Ողջ մարդկությունն այսօր մրցավազքի մեջ է: Մարդիկ ձգտում են միմյանցից առաջ անցնել: Բայց եթե հարցնես, թե ինչի համար են մրցում կամ ուր են ուզում հասնել, շատերը չեն կարող պատասխանել:

Պողոսն ասում է. «…ես այնպես եմ վազում, ոչ թե ինչպես անստույգ, այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով»: Եթե մենք տեսիլք կամ նպատակ չունենք, նման կլինենք մարդկանց, ովքեր վազում են «օդին զարկելով»:

Մարդիկ անդադար աշխատում են, ստեղծում ու կառուցում, բայց չեն հասկանում, որ իրենց կյանքն անցնում է ու մի օր պիտի ավարտվի: Նրանք առավոտյան արթնանում են, նախաճաշում, սուրճ խմում և դուրս գալիս մրցավազքի, իսկ երեկոյան գալիս են տուն, քնում, որ հաջորդ օրը շարունակեն նույն մրցավազքը` հույս ունենալով, որ վերջը լավ կլինի: Նրանց թվում է, թե կյանքը դեռ առջևում է: Սակայն տարիներն արագ թռչում են, և չես էլ զգում, թե ինչպես դարձար 20 տարեկան, 30, 40, 50, 60, 70… Շատերը միայն կյանքի վերջում են գիտակցում, որ իրենց տարիներն իզուր են անցկացրել:

Սիրելինե’ր, ինչպես ասպարեզում վազողներն են ճանաչում են իրենց առջև եղած վազքուղին և գիտեն, թե որտեղից են սկսել և ուր են հասնելու, այնպես էլ դուք ունեցեք տեսիլք, նպատակ և ստույգ իմացեք, թե ուր եք ուզում հասնել ձեր կյանքի վերջում: Ցավալի է այն փաստը, երբ մարդն իր կյանքի վերջում հասկանում է, որ ապրել է աննպատակ, աշխատել ընդամենը «մի փոր հացի» համար:

Իրականում, մեր կյանքը Տիրոջն է պատկանում: Պողոս առաքյալն ասում է` այնպես վազեք, որ անապականելի պսակը ժառանգեք: Եկեք այսօր ականջ դնենք Պողոս առաքյալի խորհրդին, չվազենք` օդին զարկելով, այլ իրականացնենք  այն  տեսիլքը, որ Աստված ունի մեր կյանքի համար: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: