Այս խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Քրիստոսին ընդունել են որպես Տեր ու Փրկիչ, և Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ: Այդ ժամանակ է, որ մարդը Աստծո տաճար է դառնում: Երբ Քրիստոսն ասաց, որ կարող է տաճարը քանդել և երեք օրում կառուցել, մարդիկ գայթակղվեցին, որովհետև չէին հասկանում, թե ինչպես կարելի էր երեք օրում կառուցել այն տաճարը, որ Սողոմոնը մի քանի տարում էր կառուցել: Սակայն Հիսուսը նկատի ուներ մարդու ներսի տաճարը:

Մենք Աստծո տաճար ենք, և մեր ներսի աշխարհը պետք է սուրբ լինի, որովհետև Աստծուն է պատկանում: Աստվածաշունչը շատ խիստ է ասում. «Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի…»: Մենք պետք է զգուշությամբ վերաբերվենք այս խոսքերին:

Այսօր կարելի է տեսնել, թե ինչպես է քրիստոնեական աշխարհն ընկղմվել մեղքերի մեջ: Շատերը, Աստծուց վախ չունենալով, բամբասում են, շնանում, այցելում պոռնոգրա‎ֆ‎իկ կայքեր, դիտում անվայել ֆիլմեր, հաղորդումներ: Ծխելը, խմելը,  թմրանյութեր օգտագործելը, հայհոյելն ու դավաճանելը տարածված երևույթներ են: Մարդիկ ապականում են Տիրոջ տաճարը, այդ պատճառով իրենք էլ ապականվում են:

Մենք պետք է գիտակցենք, թե որքան կարևոր է սուրբ ապրելը և Տիրոջ տաճարը սուրբ պահելը: Աստծո Հոգին, որ մեր մեջ է, կառաջնորդի և կօգնի մեզ:

Սիրելինե’ր, թող Սուրբ Հոգին և Տիրոջ սրբությունը միշտ ձեզ հետ լինեն: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: