Հրաշալի խոսքեր են գրված Աստվածաշնչում. “Սերն առանց կեղծավորության…”: Այսօր շատերն են միմյանց ասում. “Ես քեզ սիրում եմ”, բայց հենց որ նրանցից մեկը մի սխալ է թույլ տալիս, անմիջապես գալիս է ատելությունը: Դա նշանակում է, որ նրանց սերն անկեղծ չէր: Իսկական սերը չի նկատում մարդու թերություններն ու վատ կողմերը:

Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 13 գլուխն ամբողջությամբ բացատրում է, թե որն է իսկական սերը: Գրված է՝ սերը չի լրբանում, իրենը չի որոնում… 

Երբ ինչ-որ մեկի հետ շփվելիս մեր շահն ենք փնտրում, նշանակում է՝ նրա հանդեպ սեր չունենք: Դա վերաբերում է նաև ամուսնությանը, երբ մարդիկ փողի համար են ամուսնանում կամ էլ նրա համար, որ իրենց մասին չասեն,  թե “տանը մնաց”: Եթե ամուսնական կյանքում անկեղծ սեր լինի, երջանկություն էլ կլինի, որովհետև սերը երջանկության բանալին է:


 
Աստծո Խոսքն ասում է. “…չարն ատեք, բարիին հետևեք”: Հնարավոր չէ բարիին հետևել, եթե չարը չատես: 

Սիրելինե’ր, մենք լավ գիտենք, թե որն է չարը: Եկեք իրականում չարն ատենք, և բարիին հետևենք, ուղղենք մեր անձերը, որպեսզի սիրո մեջ կեղծավոր չլինենք: Խոսքը վերաբերում է նաև եղբայրական սիրուն: Այդ սերը շատ մեծ է, և մենք պետք է այդ սիրո մեջ մնանք: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: