Այս խոսքը չի վերաբերում հոգու փրկությանը: Իհարկե, կարելի է և այդպես հասկանալ, բայց, կարծում եմ, որ այստեղ խոսվում է այս աշխարհի փորձանքներից ու խնդիրներից փրկության մասին:

Ուշադրությո′ւն դարձրեք, թե ում շուրջն են բանակ շինում Տիրոջ հրեշտակները: Գրված է` Նրանից վախեցողների:

Տիրոջից վախեցողը մեղք չի գործի: Մեղք ասելով` ես նկատի ունեմ նաև բամբասանքը, քննադատությունը: Մարդիկ ինչ էլ որ անեն, մենք իրավունք չունենք քննադատելու նրանց: Մենք կանչված ենք սիրելու միմյանց:

Եթե դու հանգիստ խղճով բամբասում, քննադատում ես ինչ-որ մեկին, ուրեմն Տիրոջ երկյուղը չունես: Լցվի′ր երկյուղով, և հրեշտակները բանակ կկազմեն քո շուրջը և կփրկեն քեզ չարից ու փորձանքից:

Ես մի բան եմ հասկացել՝ այս աշխարհում պարտվում է այն մարդը, ով Տիրոջ պաշտպանությունը չունի: Միգուցե կմտածեք. “Բայց չէ՞ որ ամեն մեկն էլ պահապան հրեշտակ ունի”: Պահապան հրեշտակ ունենալու համար նախ պետք է աստվածավախություն ունենալ և ընդունել Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ:

Աստվածաշնչում մի հետաքրքիր պատմություն կա Եղիսե մարգարեի և նրա ծառայի մասին: Ասորիների թագավորը գիշերով մեծ զորք է ուղարկում Եղիսե մարգարեին բռնելու համար: Մարգարեի ծառան, առավոտյան կանուխ տեսնելով, թե ինչպես է թշնամու զորքը պաշարել իրենց քաղաքը, վախից աղաղակում է. “Վա¯յ, Տե′ր իմ, ի՞նչ անենք”: Եղիսեն աղոթք է անում և ասում. “Ո′վ Տեր, բա′ց նրա աչքերը, որ տեսնի”:

Աստված բացում է ծառայի աչքերը, և նա Եղիսեի շուրջը հրեղեն ձիերով և կառքերով մի մեծ զորք է տեսնում: Մինչ այդ նա չէր տեսնում, թե ինչ էր կատարվում իրենց շուրջը: Նա պետք է լիներ մարգարեի կողքին, որ մասնակից լիներ նրա օրհնություններին:

Սիրելինե′ր, Աստծո երկյուղ ունեցե′ք և գտնվե′ք Նրա ծառայողների կողքին, հարգե′ք և բարձրացրե′ք նրանց, որովհետև հրեշտակները բանակ են կազմում Տիրոջից վախեցողների և Նրան ծառայողների շուրջը:

Ես ինքս ձգտում եմ այնպես ապրել, որ երբեք դուրս չգամ հրեշտակների պաշտպանությունից: Հավատացե′ք, եթե ունենաք Աստծո պաշտպանությունը, ամեն ինչից կփրկվեք: Ամե′ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: