Առակաց գիրքը մեզ ցույց է տալիս կյանքի երկու ճանապարհ: Մեկը հիմար մարդու ճանապարհն է, որը լցված է անարգանքով: Աստվածաշունչը հիմար է անվանում այն մարդուն, ով հերքում է Աստծո գոյությունը և ուրանում իր Արարչին: Իսկ մյուսը իմաստուն մարդու ճանապարհն է: Իմաստունները նրանք են, ովքեր ոչ միայն հավատում են Տիրոջը, այլև քայլում Նրա ճանապարհով: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո ամենատկարն ավելի իմաստուն է, քան այս աշխարհի իմաստունները:

Իմաստության սկիզբը Տիրոջը ճանաչելն է, որովհետև Նա է իմաստության աղբյուրը, որտեղից կարելի է սնվել և բարձրանալ: Գրված է, որ իմաստունները փառք կժառանգեն, այն հավիտենական փառքը, որ Տերը պատրաստել է նրանց համար, բայց հիմարները կբարձրանան անարգանքով:

Բոլորս էլ գիտենք, որ թե՛ սպորտում, թե՛ արվեստում, թե՛ այլ բնագավառներում շատ հանրաճանաչ մարդիկ բարձրացել են անարգանքով: Ցավոք սրտի, այսօր կյանքն այնպիսին է, որ եթե մեկը մերկանա և սկսի երգել, միանգամից ճանաչում կստանա: Սակայն իմաստուն մարդը, որքան էլ դժվարությունների հանդիպի, երբեք անօրեն արարքների չի դիմի:

Երանի¯ այն մարդուն, ով կբարձրանա ոչ թե անարգանքով, այլ խոնարհությամբ. նա կստանա Տիրոջից իր համար պատրաստված փառքը:

Սիրելինե՛րս, եղեք իմաստուն, վախեցեք Աստծուց և քայլեք Նրա ճանապարհով:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: