Շարունակվում է «Փենուել» աղոթքի համաժողովը:

Հավաքույթն սկսվեց Ֆիլիպ Ռենների փառաբանությամբ, ով կոչ արեց ներկաներին՝ բաց թողնել ցավը և չներումը, ինչի արդյունքում կլինի բժշկություն:

Զորավոր փառաբանությունից հետո IHOP-ի առաջնորդների թիմի անդամ Քորի Ռասսելը խոսեց Աստծո հետ մտերիմ հարաբերությունների և Նրան ճանաչելու մասին. «Երբեմն լինելով եկեղեցում և մասնակցելով բոլոր ծառայություններին, մոռանում ենք մեր փրկության գլխավոր նպատակը՝ Աստծուն ճանաչելը: Հայտնությունն այն մասին, թե ով է Աստված և ինչ դեր ունենք յուրաքանչյուրս Քրիստոսի Մարմնում, կարող է շատ բաներ փոխել եկեղեցիներում»,- նշեց հովիվ Ռասսելը և հավելեց, որ մեր սրտում Աստծուն ճանաչելու կրակը պետք է վառվի անդադար:

Հավաքույթի վերջում մասնակիցները Քորի Ռասսելի հետ միասին աղոթեցին, որպեսզի այդ կրակն իրենց մեջ երբեք չմարի:

IHOP փառաբանության առաջնորդ Միսթի Էդվարդսը կիսվելով անձնական վկայությամբ, խոսեց ամբողջ մտքով Աստծուն սիրելու մասին. «Նախկինում ես մտածում էի, որ սերն ինչ-որ ռոմանտիկ բան է, բայց քայլելով Տիրոջ հետ՝ հասկացա, որ սիրել ամբողջ մտքով, նշանակում է անցնել զոհերի և հնազանդության միջով: Դա ընթացք է, որը հարկավոր է պարզապես անցնել: Երբեմն աղոթքի ժամանակ մեր միտքը սավառնում է՝ նմանվելով մի խելահեղ գազանի, որը չի ցանկանում ենթարկվել, բայց մենք ստիպված ենք լինում ամեն ժամանակ միաբանվել և կենտրոնանալ Տիրոջ վրա: Հենց այստեղ է սկսվում պայքարը և այստեղ ենք մենք սկսում սիրել Աստծուն ամբողջ մտքով»:

Իր խոսքի մեջ Միսթին կոչ արեց սիրել Տիրոջը ամբողջ սրտով, հոգով և էությամբ, քանի որ նա սկզբից սիրեց մեզ: Հավաքույթը եզրափակվեց աղոթքով և փառաբանությամբ:

Երեկոյան ծառայությունը բացեց Ֆիլիպ Ռենները, ով կոչ արեց փառաբանել Աստծուն արժանի ձևով: Այնուհետև բեմ բարձրացավ «Աղոթքի միջազգային տան» Աստվածաշնչյան համալսարանի տնօրեն Ալեն Հուդը: Նա խոսեց Աստծո ճանաչողության և զորության մասին: Օրինակ բերելով 110-րդ սաղմոսը՝ նա բացահայտեց, թե որքան մեծ է Աստված, և թե ինչպես այդ Անսահման Մեծությունը կարողացավ մարդ դառնալ: «Մենք արարված ենք Աստծո Զորեղ Մեծության նմանությամբ: Դու լցվա՛ծ ես Նրանով: Դու լո՛ւյս ես, և Հարության Զորությունը քո ներսում է, լցվի՛ր Աստծո Հոգու կրակով»:

Երեկոն ավարտվեց Ֆիլիպ Ռենների և Միսթի Էդվարդսի միաբան երկրպագությամբ, ինչի ընթացքում Ալեն Հուդն աղոթեց, որպեսզի լինենք Աստծո կրակոտ և Ավետարանի լույսը տարածող քրիստոնյաներ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: