Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները:

Առակաց 3.6

Յուրաքանչյուր մարդ ունի ճանապարհներ. ոչ թե մեկ ճանապարհ, այլ շատ: Ճանապարհներից մի քանիսը կարող են լինել ուղիղ, իսկ մյուսները՝ ծուռ: Միգուցե մարդու հոգին փրկված է, բայց նրա ընտանիքում քաոս է, կամ էլ ընտանիքում ամեն ինչ լավ է, բայց աշխատանքի բնագավառում հաջողություններ չկան: Ոմանք էլ հավատքի մեջ են, ունեն լավ ընտանիք, բարգավաճող աշխատանք, բայց խնդիրներ ունեն իրենց հարազատների և բարեկամների հետ. անընդհատ վիճում ու կռվում են:

Այսպիսով` յուրաքանչյուր մարդու կյանքում կան բնագավառներ, որոնք պետք է ուղղվեն: Եթե մեր ճանապարհները շեղվում են աջ կամ ձախ, դրանք մեզ հեռացնում են Տիրոջ արքայությունից և տանում խառնաշփոթության: Մենք կորցնում ենք մեր ուրախությունը, խաղաղությունը, երջանկությունը և ապրում ենք քաոսի մեջ:

Սողոմոն իմաստունը հրաշալի խորհուրդ է տալիս. “Քո բոլոր ճանապարհներում ճանաչի’ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները”:

Եթե նույնիսկ դու լավ մասնագետ ես կամ մեծ փորձ ունես այս կամ այն հարցում, միևնույն է, ձգտի’ր քո բոլոր ճանապարհներում ճանաչելու Տիրոջը: Մի’ վստահիր ինքդ քեզ, մի’ կարծիր, թե կարող ես ավելին անել, քան Աստված:

Սիրելինե’ր, ձեր բոլոր ճանապարհները հանձնե’ք Տիրոջը, հավատացե’ք Նրան և ապրե’ք Նրա զորությամբ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: