Մայիսի 27-ին մեկնարկեց «Փենուել» աղոթքի համաժողովի երկրորդ փուլը, որի ընթացքում երեք օր շարունակ կունենանք բացառիկ հնարավորություն՝ իմանալու ավելին երաժշտության  և Տիրոջը երկրպագելու մասին:  

Զորավոր երկրպագությունից հետո Կանզաս Սիթիի «Աղոթքի միջազգային տան» փառաբանության ավագ Միսթի Էդվարդսն անցկացրեց առաջին սեմինարը, որի շրջանակներում խոսեց  Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, երաժշտության դերի և նշանակության մասին:

Սուրբգրային շատ խոսքեր փաստում են, որ  ժամանակների վախճանն ու  Քրիստոսի երկրորդ գալուստը մոտենում են: Միսթի Էդվարդսի խոսքով՝ այդ ժամանակներում աշխարհին սպասվում է արթնություն:  Տերը գալու է հենց այն ժամանակ, երբ աշխարհն ավելի քան երբևէ մխրճված է լինելու խավարի մեջ: Հենց այդ խավար և մռայլ ժամանակաշրջանում  մենք՝ որպես Քրիստոսի հարս, պետք է մեր երգը բարձրացնենք  Տիրոջը:

Միսթի Էդվարդսը խոսեց երաժշտության 4 կարևոր կետերի մասին.

1.      Երաժշտության միջոցով կարելի է Ավետարանի Բարի լուրը հասցնել աշխարհով մեկ, և այն կարող է փոխել մարդկանց մտածելակերպը: «Սուրբ Հոգին երաժշտական է, մենք էությամբ երաժշտական ենք. դա է պատճառը, որ մենք ավելի լավ հիշում ենք երաժշտությունը, քան խոսքերը: Մենք հիշում ենք քարոզի 10 տոկոսը, սակայն վաղ մանկական երգերը հիշում ենք մինչև այսօր»,-բացատրում էր Միսթին:

2.       Երաժշտության լեզուն հավիտենական է, որը միաբանում է մեզ, և երբ փառաբանում ենք Աստծուն, մենք երգում ենք միևնույն բառերը՝ միաժամանակ ուղղելով Մեկին:

3.      Երկրպագության մեջ Մարգարեական Հոգի կա: «Երբ հռչակում ենք Աստծո Խոսքը, մենք մեր կյանքի իրավիճակների վրա խոսում ենք Աստծո հաղթանակները»:

4.      Փառաբանությունն ու երկրպագությունն ապահովում են Տիրոջ ներկայությունը: Աստված անտարբեր չէ, երբ իր ժողովուրդն սպասում ու կանչում է Իրեն: 

Այսօր Աստված բարձրացնում է երգիչների և երաժիշտների, ովքեր երգելով Տիրոջ Խոսքը՝ սերունդներ են փոխում: «Գտե՛ք երաժիշտների և երգիչների, օգնե՛ք նրանց զարգացնելու իրենց տաղանդը և ստանալու հոգևոր,  աստվածաշնչյան գիտելիքներ»,- կոչ արեց Միսթի Էդվարդսը և աղոթք բարձրացրեց երաժիշտների համար:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: