Շարունակվում են աղոթքի և երկրպագության վարպետության դասերը «Փենուել» համաժողովի շրջանակներում: Այսօրվա բանախոսը կրկին Կանզաս Սիթիի «Աղոթքի միջազգային տուն» ծառայության փառաբանության ավագ Միսթի Էդվարդսն էր, ով խոսեց իր ծառայողական ուղու և փառաբանության կարևորության մասին:

«Մի՛ անարգեք փոքր սկիզբը, որքան էլ այն դժվար կամ ձանձրալի թվա»: Այս խոսքերը երգչուհու հիմնական կոչն էին ներկաներին: Յուրաքանչյուր մեծ գործ ունենում է շատ փոքր սկիզբ: Այդ ընթացքում լինում են բազում պատճառներ՝ հիասթափվելու և հանձնվելու համար, սակայն մենք պետք է շարունակենք մեր ուղին:

Միսթի Էդվարդսը մի քանի կետով ներկայացրեց փառաբանության կարևորությունը: Նրա  խոսքով՝ Աստված ընտրել է երաժշտությունը, որովհետև.

1. Երկրպագելիս և փառաբանելիս մենք «կանգնում ենք Տիրոջ Գահի առջև՝ հազարավոր հրեշտակների ներկայության մեջ»:Շատ կարևոր է հստակ գիտակցել, թե ինչ «Լսարանի» հետ գործ ունենք:

2.         Երաժշտության միջոցով Տերն Իր Խոսքը դաջում է մեր սրտերին: «Կետ առ կետ վերցրե՛ք Խոսքը, սկսե՛ք երգել այն, հետո գրի՛ առեք այն ամենը, ինչ ծնվում է ձեր մտքում»,- ասաց երգչուհին: Սուրբ Հոգին սովորեցնում է մեզ Խոսքի միջոցով: Երբ երգում ենք Տիրոջ Խոսքը, փոխվում են  մեր կյանքը և աշխարհայացքը:

3.         Մարգարեության Հոգին թաքնված է հենց փառաբանության մեջ: Յուրաքանչյուր հավատացյալ, ով մկրտված է Սուրբ Հոգով, կանչված է՝ մարգարեանալու: Պարտադիր չէ դառնալ մեծ մարգարե, մենք կարող ենք մարգարեանալ շատ փոքր բաներում, և դա կարող է տեղի ունենալ հենց փառաբանելու ընթացքում:

4.         Տերը բնակվում է Իր ժողովրդի փառաբանության և բարեխոսական աղոթքի մեջ: Որպես հավատացյալներ՝ մեր ներսում ունենք Տիրոջ ներկայությունը, սակայն երբ բոլորս,  որպես մեկ ձայն և  մեկ մարմին,  հավաքվում ենք մեկ հարկի տակ և սկսում ենք փառաբանել, Աստված մթնոլորտը լցնում է Իր փառքով:

«Ես հավատում եմ, որ մենք կունենանք աներևակայելի զորությամբ փառաբանություն, որի ընթացքում մեծ հրաշքներ կլինեն, անհավատները կապաշխարեն, իսկ դևերը կփախչեն»,- ասաց Միսթի Էդվարդսը:

Նա երգիչներին և երաժիշտներին կոչ արեց շարունակաբար մասնագիտանալ և սովորել, քանի որ «որքան լավ ենք տիրապետում գործիքին, այնքան համարձակ ենք ընթանում Քամու ուղությամբ»: Աղոթքն ու փառաբանությունը փոխակերպման վայր են, որտեղից էլ սկսվում են մեծ արթնություններ: 

Ծառայությունը եզրափակվեց աղոթքով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: