Այս անգամ մեր զրուցակիցն է Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի «Lake Heaven» եկեղեցու ավագ հովիվ, քարոզիչ և միսիոներ Դեյն Մասեյը, ով կիսվում է հայաստանյան տպավորությունների, ինչպես նաև վերջին ժամանակների և այսօր մեր առջև ծառացած մարտահրավերների մասին:

Ինչպիսի՞ տպավորություններ ունեք հայաստանյան ձեր այցից

Չորրորդ անգամ է՝ լինում եմ Հայաստանում և իսկապես սիրում եմ ձեր երկիրը: Ես եղել եմ աշխարհի շատ երկրներում, սակայն Հայաստանն ինձ համար յուրահատուկ է: Այստեղ մարդիկ ծարավ են Աստծուն և Նրա Խոսքին: Աստված շատ մեծ ու հրաշալի բաներ է իրագործում այստեղ: Հայաստանը մեր եկեղեցու համար մեծ օրինակ է, և մենք մեծ սիրով համագործակցում ենք «Կյանքի Խոսք» եկեղեցու հետ: Հայաստանում լինելն ինձ համար հաճելի է:

Ինչպիսի՞ մարտահրավերներ կան այսօր երիտասարդների կյանքում և ինչպե՞ս պետք է հաղթահարել

Գիտեք, մեծ տարիքում դու բավական զբաղված ես լինում, քանի որ արդեն ունես քո կարիերան, աշխատանքը: Այդ ժամանակ դու լճանում ես քո քրիստոնեական կյանքում: Երիտասարդների դեպքում այդպես չէ: Նրանք պատրաստակամ են՝ թողնել ամեն բան և անել այն ամենը, ինչ Աստված է կամենում: Եթե կարողանանք երիտասարդներին սովորեցնել, թե ովքեր են իրենք Քրիստոսում, ապա կարծում եմ, որ նրանք կարող են փոխել ամեն բան՝ ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում: Ես իսկապես շատ եմ ցանկանում տեսնել, որ երիտասարդները դարձել են այնպիսին, ինչպիսին կարող են լինել Հիսուս Քրիստոսում: Նայենք Սամսոնին. նա  կյանքի վերջին րոպեներին ավելի շատ բան արեց՝ սպանելով փղշտացիներին: Կարծում եմ, որ դա մեծ հունձք էր: Վերջին օրերի եկեղեցին պետք է ավելի շատ մարդկանց առաջնորդի Աստծո արքայություն, քան իր ամբողջ պատմության ընթացքում: Եթե հիշում եք, երբ Սամսոնը կույր էր, նրան տաճարի սյան մոտ առաջնորդում էր պատանին: Կարծում եմ, որ երիտասարդները պետք է եկեղեցուն առաջնորդեն մեծ արթնության:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի վերջին ժամանակների քրիստոնյան

Վերջին օրերի քրիստոնյան պետք է, անկասկած, նման լինի Հիսուսին: Հիսուսն ասում է. «Այն գործերը, որ Ես գործում եմ, դուք էլ պետք է գործեք»: Հիսուսը բժշկում էր հիվանդներին, քարոզում էր Ավետարանը, ազատագրում էր մարդկանց: Նա ենթարկվում էր Իր Հորը և ասում էր, որ մենք էլ պետք է նույն բաներն անենք: Մենք էլ կարող ենք իրագործել այդ ամենը. պարզապես պետք է լավ մարդ լինել: Կարծում եմ, որ վերջին օրերին Աստված մարդկանց սրտերը կրակով է լցնում: Վերջին օրերի եկեղեցին պետք է լինի այնպիսին, ինչպիսին Հիսուսն էր երկրի վրա: Պետք է տեղի ունենա այն ամենը, ինչ տեղի էր ունենում երկրի վրա Հիսուսի ծառայության ժամանակ՝ հրաշքներ, նշաններ և այլն:

Այս օրերի ընթացքում ինչի՞ մասին էիք սովորեցնում Աստվածաշնչյան դպրոցի ուսանողներին:

Սովորեցնում էի արդարության մասին: Շատ մարդիկ, ովքեր լսում են արդարություն բառը, մտածում են արդար ապրելու մասին: Սակայն մենք պետք է հասկանանք, որ արդարությունը՝ Աստծուց մեզ տրված պարգև է: Երբ մենք հասկանում ենք, թե ինչ է  այդ պարգևը, ապա, ինչպես Հռոմեացիների 5.17-ում է ասվում, սկսում ենք թագավորել այս կյանքում: Միայն այդ դեպքում ենք հասկանում, թե ով ենք մենք Աստծո մեջ: Աստված ցանկանում է, որ մենք հասկանանք՝ Նա տալիս է մեզ Իր արդարությունը, որպեսզի ոտքի կանգնենք և համարձակությամբ գործենք Հիսուսի գործերը: Կարծում եմ, որ սա վերջին օրերի եկեղեցու ամենակարևոր ուղերձներից մեկն է:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: