Սոդոմն ու Գոմորը կործանվեցին իրենց անօրենության պատճառով: Նրանց մեղքերը շատ էին, բայց բոլորի արմատը նույնն էր` հպարտություն, հացի կշտություն, անհոգ հանգստություն:

Այսօր էլ այս երեք մեղքերը հարձակում են մարդկանց վրա, բայց Հիսուսն ասաց. «Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան»:

Խնդիրը կուշտ լինելը կամ շատ փող ունենալը չէ, այլ այն, որ հպարտանում և կորցնում ես ուրիշի հանդեպ սրտացավությունը: Քեզ չի մտահոգում, որ մերձավորդ` եղբայրդ, քույրդ, ազգականդ, այլ կերպ ասած` Տիրոջ պատկերով ստեղծված մարդը սոված է կամ ինչ-որ բանի կարիք ունի: 

Սիրելինե’ր, եթե դուք ապրում եք անհոգ հանգստության մեջ, վտանգավոր ճանապարհի վրա եք: Քրիստոսը չասաց. «Ինձ մոտ եկեք, ամեն հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ, և դուք անհոգ կապրեք»: Նա ասաց. «Ձեզ վրա առեք Իմ լուծը… որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»:

Եթե դուք կուշտ եք և լավ եք ապրում, փառաբանե’ք Տիրոջը ամեն ինչի համար և մտածե’ք նաև ուրիշների մասին: Քրիստոսը վերցրեց ձեր բեռը, դուք էլ վերցրե’ք Քրիստոսի բեռը: 

Քանդե’ք ձեր կյանքում հպարտությունը: Մի’ գնացեք Սոդոմի և Գոմորի անօրենության ճանապարհով, որ կործանման է տանում: Ամե’ն:


 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: