Մենք շարունակում ենք խոսել Տիրոջ երկյուղի մասին: Իմ սրտում ցանկություն առաջացավ քննարկելու այս թեման, որովհետև այսօր ողջ քրիստոնեական աշխարհը Տիրոջ երկյուղի կարիքն ունի: Շատ անգամ մարդիկ մեղքեր են գործում միայն այն պատճառով, որ չունեն Տիրոջ երկյուղը:

Տեսեք, թե ինչ է գրված. “Տիրոջ աչքը Նրանից վախեցողների վրա է…”: Սա հրաշալի խոսք է: Եթե Տիրոջ աչքը քեզ վրա լինի, դու օրհնված կլինես:

Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես են ձեր աչքերն արձագանքում ձեր շուրջը տեղի ունեցող գործողություններին. ձեր հայացքն անմիջապես ուղղվում է այնտեղ, որտեղ ինչ-որ շարժում կամ գործողություն կա:

Աստվածավախությունը նույնպես գործողություն է, որ գրավում է Տիրոջ ուշադրությունը. որտեղ աստվածավախություն կա, Տիրոջ աչքերն այնտեղ են ուղղվում:

Ես ճանաչում էի մի անձնավորության, ով մեծ հաջողությունների հասավ, ճանաչելիություն ձեռք բերեց, բայց հետո սկսեց ապրել մեղավոր կյանքով: Մի օր, երբ միասին զրուցում էինք Քրիստոսի մասին, ես հասկացա, որ նա շարունակում էր Աստծուն հավատալ և աղոթել, սակայն կորցրել էր Աստծո երկյուղը: Այդ մարդն իր կյանքում գուցեև հասել էր ինչ-որ բանի, սակայն կորցրել էր ամենակարևորը: Կորցնելով Աստծո երկյուղը՝ նա դուրս էր եկել Աստծո տեսադաշտից և զրկվել Նրա աջակցությունից:

Եթե այս կյանքում ինչ-որ բանի հասել ես, շարունակի′ր ապրել այնպես, որ Տիրոջ աչքը միշտ քեզ վրա լինի: Այդ ժամանակ ավելի ու ավելի մեծ բարձունքների կհասնես, մինչև որ օրերից մի օր կկանգնես Տիրոջ առջև, և Նա քեզ կասի. “Լա՛վ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, Ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտի՛ր քո Տիրոջ ուրախությունը” (Մատթ. 25.23): Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: