wolarm.org կայքի խնդրանքով հովիվ Արթուր Սիմոնյանը մեկնաբանում է Փարիզում իրականացված ահաբեկչական գործողություններն ու աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Այսօր ամեն վայրկյան կարելի է լսել ահաբեկչությունների, պատերազմների ու սպանությունների մասին: Տեղի ունեցող իրադարձությունները վախի ու լարվածության մեջ են պահում ամբողջ աշխարհը: Ի՞նչ կասեք այս ամենի մասին:  

Թվում էր, թե  Ֆրանսիայում մարդիկ ապահով են, պաշտպանված, բայց օրերս տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատեց այն ճշմարտությունը, որ պաշտպանված լինելը նույնպես հարաբերական հասկացություն է:

Պետք չէ մարգարե լինել հասկանալու համար, որ օրեր առաջ Փարիզում կատարվածը վերջին օրերի մեծ նշան է: Աստվածաշնչում գրված է, որ  վերջին ժամանակներում թագավորությունները թագավորությունների և ազգերը ազգերի դեմ դուրս կգան, ու մահտարաժամեր կլինեն, որոնք, սակայն, ցավերի սկիզբն են (Մատթ. 24.7): Այսօր արդեն մենք աստվածաշնչյան մարգարեությունների իրականացման ականատեսներն ենք: 

Մերձավոր Արևելքում նույնպես ահաբեկչություններ են իրականացվում: Սա սարսափելի երևույթ է, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում աշխարհի տարբեր վայրերում: Այսօր ապահովություն չկա ոչ մի երկրում: Կատարյալ ապահովություն կլինի միայն այն ժամանակ, երբ կգա Քրիստոսի թագավորությունը, երբ մարդիկ հավիտենական կյանք կունենան:

Խոսելով վերջին ժամանակների մասին` մենք ճգնաժամեր ենք ակնկալում, բայց Աստվածաշնչում նաև գրված է, որ վերջին ժամանակները լինելու են Նոյի օրերի պես. «Ուտում էին և խմում էին, կին էին առնում և մարդի էին գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապանը, և ջրհեղեղը եկավ և ամենքին կորցրեց»:

Աստծո Խոսքում նաև ասվում է, որ վերջին  օրերում  հացի կշտություն և անհոգ հանգստություն է լինելու: Մոտավորապես երկու տարի առաջ ռադիոյով լսեցի, որ Եվրոպայում քննարկվում էր ԳՄՕ-ով (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ) հարստացրած սննդի հարցերը: Սննդի մեջ ԳՄՕ-ի առկայության դեպքում մարդիկ կարող են անվերջ ուտել և չբավարարվել: Ես կարծում եմ, որ սա այդ ամենի վառ ապացույցն է:

Հետևելով աշխարհի ընթացքին՝ տեսնում ես, որ սատանայի առաջնային նպատակը մարդկանց «սեռական բանջարեղենի» վերածելն է: Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչը պրոպագանդվում է այսօր հեռուստատեսությունների, ֆիլմերի, տեսահոլովակների միջոցով. ազատ սեռական կյանք, սանձարձակություն, պղծություն, բռնություն, ծաղր: Երիտասարդությունն ամբողջ աշխարհի մակարդակով ավելի շատ ձգտում է ոչ թե ամուսնանալու, ընտանիք կազմելու, այլ ֆիլմերի, սննդի և ազատ սեռական կյանքի:

Այսօր ակտուալ խնդիր է համարվում մահմեդական ժողովրդի ներգաղթը Եվրոպա: Ի՞նչը կարող է կանգնեցնել ահաբեկչությունների ալիքը աշխարհում:

Գլոբալիզացման, ահաբեկչական գործողությունների, չդադարող արտագաղթի ու ներգաղթի,  էթնիկ ու կրոնական առանձնահատկությունների անհամատեղելիության հետևանքով մեծանում է մարդկանց միջև ատելությունը, որը տրամաբանական է:

Բայց պետք է օբյեկտիվ լինել և ընդունել, որ  ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների մեջ կան մարդիկ, ովքեր պարզապես ապրում և աշխատում են իրենց ընտանիքների, զավակների համար: Եվ եթե այսօր նրանք եվրոպական երկրներում են, ապա սա առիթ է, որ ճանաչեն Քրիստոսի սերն ու ապաշխարեն: Ավետարանը քարոզվելու է ամեն արարածի: Ես Ավետարանի քարոզության, գլոբալ ապաշխարության, Սուրբ Հոգու պարգևների հեղեղի եմ սպասում:

Ես եվրոպական եկեղեցիներին արթնանալու կոչ եմ անում: Որևիցե քաղաքական գործիչ կամ զորք չի կարող կանգնեցնել ահաբեկչական գործողությունները: Ահաբեկչությունը կարող է կանգնեցնել միայն Տիրոջ Եկեղեցին: Եվ ես հավատում եմ՝ մենք դեռ լսելու ենք հզոր վկայություններ, երբ արդեն նախկին ահաբեկիչներն են պատմելու, թե  ինչպես են ապաշխարել և վերապրել Տեր Հիսուսի սերը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: