Տեսեք, թե ինչ հրաշալի աղոթք է բարձրացնում Աստծո մարդը առ Աստված: Նա ասում է. «…ոչ թե մեր արդարությունների համար ենք աղաչում, այլ Քո ողորմության»:

Իրականում, սա աղոթքի բանալիներից մեկն է: Մենք ոչ թե պետք է ասենք. «Տե՛ր Աստված, չէ՞ որ մենք Քո զավակներն ենք, պատասխանի՛ր մեր աղոթքին», այլ պետք է գոհանանք Նրանից մեր փրկության, արդարության համար և խնդրենք Նրա ողորմությունը:

 

Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Աստծո մարդն աղոթում էր ավերակ քաղաքների համար, որոնց վրա կանչված էր Տիրոջ անունը: 

Շատ անգամ մենք նմանվում ենք այդ ավերակ քաղաքներին. մենք լցված ենք Տիրոջ Հոգով, մեզ վրա կանչված է Տիրոջ անունը, բայց մեր կյանքն ավիրված է: Եվ ինչպես անհավատալի էր, որ Հոբի «ավերակները» կվերականգնվեին, այնպես էլ` մերը: 

Սիրելի՛ս, եթե այս խոսքը քեզ է վերաբերում, կարող ես Դանիելի նման աղոթել.  «Ակա՛նջ դիր, ով իմ Աստված, և լսի՛ր, բա՛ց աչքերդ և տե՛ս իմ ավերակները և այն քաղաքը, որի վրա կոչված է Քո անունը, որովհետև ոչ թե իմ արդարությունների համար եմ աղաչում, այլ Քո շատ ողորմությունների համար»: 

Լավ է, որ մենք փրկված ենք և ծառայում ենք Տիրոջը, որովհետև վարձք կունենանք: Բայց երբ կանգնում ենք աղոթքի, պետք է հուսանք ոչ թե մեր արդարությանը, այլ Տիրոջ առատ ողորմությանը: Այդ ժամանակ պատասխան կստանանք Նրանից: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: