Եկեք համեմատենք տունը վրանի հետ: Վրանը ժամանակավոր է, ոչ այնքան ապահով, իսկ տունը հուսալի կապիտալ է, որը կարող ես ժառանգություն թողնել սերունդներիդ: Այս տեսանկյունից՝ ավելի լավ է տուն ունենալ, քան` վրան: Սակայն այսօրվա խոսքը մեզ առիթ է տալիս մտորելու, թե որտեղ է ավելի լավ ապրել՝ «ամբարիշտների տա՞նը», թե՞ «ուղիղների վրանում»:
Գրված է. «Ամբարիշտների տունը կկործանվի, բայց ուղիղների վրանը կծաղկի»: Ըստ Աստծո Խոսքի՝ մեր բարգավաճումն ու ապահովությունը կախված են ոչ թե մեր ունեցվածքից, այլ՝ մեր արդարությունից:
Այսօր շատերին, այդ թվում՝ քրիստոնյաներին, գայթակղում են «ամբարիշտների տները»: Սակայն ավելի լավ է քիչը` խաղաղությունով, քան լիքը տունը` կռիվներով: Ավելի լավ է վրանի մեջ ապրել, բայց արդար լինել, քան լիքը տուն ունենալ, բայց մեղքի մեջ կործանվել:
Սիրելինե՛ր, մի՛ անարգեք քիչը, փոքրը: Վրանը փոքր է, բայց ծաղկելու, ընդարձակվելու հնարավորություն ունի: Մխիթարվե՛ք այն «վրանով», որ Տերը ձեզ տվել է:
Ի վերջո, այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է: Հիսուսն ասաց, որ մեր հավիտենական բնակարանները երկնքում են: Այնպես որ, մի՛ գայթակղվեք ամբարիշտների տներով: Ամբարշտությունը կործանման է տանում: Ապրե՛ք «արդարի վրանում» և երջանի՛կ եղեք՝ հավատալով, որ ձեր «վրանը» կծաղկի:
Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն: