DAILY DEVOTION-am-1200-600

Աստված մեզ տալիս է հաջողության բանալիները: Պարզվում է՝ ավելի երանելի է տալը, քան ստանալը: Իրականում, այդպես էլ կա. տվողն ավելի է հարստանում, քան ստացողը, չէ՞ որ Աստվածաշնչում ոչինչ իզուր չի ասվում:

Օրինակ՝ Միացյալ Նահանգները կամ եվրոպական երկրները պարբերաբար հումանիտար օգնություն են ուղարկում Աֆրիկա և այլ երկրներ: Թվում է, թե Աֆրիկան և օգնություն ստացող մյուս երկրները պետք է հարստանային, բայց այդպես չէ. մինչդեռ  Միացյալ Նահանգներն ու Եվրոպան բարգավաճում են:

Այն մարդը կամ ժողովուրդը, որ մշտապես վերցնողի դերում է, տարիների ընթացքում աղքատ մտածելակերպ է ձեռք բերում՝ համակերպվելով այն կործանարար մտքին, որ միշտ պետք է ապրի հումանիտար օգնություններով:

Ի՞նչ վիճակում է այսօր մեր ժողովուրդը: Շատերը սպասում են, թե երբ արտասահմանում ապրող բարեկամներն իրենց օգնություն կուղարկեն: Ոմանք չեն էլ ուզում աշխատել, բավարարվում են քչով, ոչ մի ձգտում չունեն:

Սիրելինե’ր, եկեք նորոգենք մեր մտածելակերպը, հավատանք, որ մեր օգնությունը Տիրոջից է, և երբեք չմոռանանք Տեր Հիսուսի այն խոսքերը, որ ավելի երանելի է տալը, քան թե առնելը: Այդ ժամանակ, ինչպես պատվիրում է այսօրվա խոսքը, հոժարությամբ կաշխատենք և տկարների մասին կհոգանք: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: