Սա հիանալի խոսք է, որ շատ մարդիկ կիրառում են իրենց կյանքում: Եթե կարդանք մի քանի խոսք վերևից, կտեսնենք, որ Պողոս առաքյալը խոսում էր հավասարակշռված կյանքի մասին: Նա ասում էր. “Գիտեմ պակասություն քաշել և ավելությունով լինելն էլ. ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ` կշտանալն էլ, սովելն էլ. ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ: Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով”:

Սովորաբար, հարուստն իր կյանքն այլ կերպ չի պատկերացնում, ոչ էլ աղքատը: Սակայն մենք Պողոս առաքյալի նման պետք է սովորենք ապրել և գոհանալ ցանկացած իրավիճակում: Նա ապավինում էր Քրիստոսին, և Աստված նրան զորացնում էր թե՛ պակասության, թե՛ առատության մեջ:

Սիրելինե՛ր, ձեր այսօրվա փորձությունները օտար բան մի՛ համարեք, բայց ոչ էլ մտածեք, թե դրանք հավիտյան են: Հավատացե՛ք՝ փորձության մեջ Աստված ձեզ կզորացնի, եթե դուք կախված լինեք ոչ թե նյութական աշխարհից, այլ` հոգևոր:

Իհարկե, նյութական աշխարհը ձեզ կճնշի, որ ժամանակ չունենաք Աստծո Խոսքը կարդալու և կիրառելու: Սակայն մի՛ հանձնվեք. ամեն օր կարդացե՛ք Աստվածաշունչը և դավանե՛ք, որ ամեն բան կարող եք ձեզ զորացնող Քրիստոսով:

Միգուցե դուք մշտապես անախորժությունների ու վեճերի մեջ եք ձեր հարազատների հետ, և թվում է, թե երբեք չեք կարող ձեր տանը խաղաղություն հաստատել: Միգուցե այլ նեղություններ ու դժվարություններ ունեք կամ էլ չեք կարողանում հաղթահարել մեղքը: Հավատքով հռչակե՛ք. “Ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով”:

Քրիստոսը մեզ համար օրինակ է, թե ինչպես կարելի է ապրել այս աշխարհում հաղթական կյանքով և չմեղանչել: Դուք նույնպես կարող եք հաղթահարել բոլոր փորձություններն ու գայթակղությունները և ապրել սուրբ կյանքով:

Մենք ամեն բան կարող ենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով: Սակայն շատ կարևոր է նաև հասկանալ, որ ոչ մի բան չենք կարող առանց Նրա:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: