«Ամենից առավել զգուշացի՛ր սրտիցդ». Կարլ Գուստավ Սևերին

«Ո՞վ եմ ես» և  «Ո՞ւր եմ ես գնում». այս երկու հարցերն առաջնային են յուրաքանչյուր ծառայողի կյանքում, և հենց այս հարցերին  հովիվ Կարլ Գուստավ Սևերինն անդրադարձավ սեպտեմբերի 25-ին` ավագների ծառայության ժամանակ:

«Եթե դու ծառայում ես Աստծուն, ապա պետք է կարողանաս սիրել բոլոր մարդկանց»,- ասաց քարոզիչն ու հորդորեց կենտրոնանալ միայն Քրիստոսի ուղղությամբ  և ազատվել բոլոր մեղքերից, քանի որ դրանք կարող են խանգարել մեր ճանապարհին:

Հովիվ Կարլ Գուստավն օրինակ բերեց Հիսուս Քրիստոսին. «Տեր Հիսուսը մի կողմ դրեց այն ամենը, ինչն իրեն խանգարում էր խաչելության ճանապարհին` ամոթ, վիրավորանք, ցավ: Երբ դժվարության մեջ ես, թերթի՛ր Հիսուսի պատմությունը և հաղթահարի՛ր  իրավիճակը»:

Շարունակելով խոսքը` հովիվ Կարլ Գուստավն ասաց, որ յուրաքանչյուր ավագ իր ներսում պետք է ունենա «ծածուկ մի  վայր», որում անհանգստությունների, հիասթափությունների, բարկության և մեղքի համար  տեղ չի լինի: «Թույլ մի՛ տուր, որ մեղքը լցվի սիրտդ: Աստծո Խոսքը  հստակ է` «ամենից առավել զգուշացի՛ր սրտիցդ»: Թույլ մի՛ տուր սիրտդ թույնով լցվի: Նայի՛ր Հիսուսին: Թող  սիրտդ ազա՛տ լինի Աստծո համար և լցված լինի Աստծո սիրով»:

Խոսելով ներման մասին` Նա ասաց, որ դա իր հետքն է թողնում ոչ միայն մեր, այլև մեր ապագա սերունդների կյանքում: «Մի՛ փորձիր արդարացումներ փնտրել սխալներիդ համար:  Դրանք կյանքումդ ձեռնափայտերի են նման: Փոխարենը` ների՛ր, եղի՛ր սիրով, ուրախությամբ և հավատքով լեցուն, քանի որ այս դեպքում քեզնից «կենդանի ջրեր կհոսեն»:

Անդրադառնալով Հայաստանին և հայ ժողովրդին` հովիվ Կարլ Գուստավն ասաց,-«Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է փրկվել: Ես հավատում եմ, որ այս ազգը տեսնելու է աշխարհում երբևիցե եղած ամենամեծ արթնությունը: Այստեղ գործելու են Սուրբ Հոգու բոլոր պարգևները, և սա դեռ սկիզբն է»:

Քարոզից հետո ներկաները իրար ձեռք բռնեցին և Կարլ Գուստավի հետ միասին աղոթեցին ներման և սրտի բժշկության համար, իսկ վերջում հովիվ Արթուր Սիմոնյանն առաջնորդեց աղոթք՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Հիշեցնենք` «Բե՛ր քեզ հետ ևս մեկին» խորագրով ավետարանչական ծառայությունները շարունակվում են: Կարլ Գուստավ Սևերինը կանցկացնի նաև երկու եկեղեցական ծառայություն` սեպտեմբերի 26-ին` ժամը 18:00-ին, և սեպտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: