DAILY DEVOTION-am-1200-600

Սիրելինե′ր, այսօր միայն Տիրոջ անվան մեջ կարելի է ապահովություն գտնել: Աստվածաշունչն ասում է, որ Տիրոջ անունն ամուր աշտարակ է. այնտեղ է փախչում արդարը և ապաստան գտնում: Հիսուսի անվանն ապավինելով՝ մենք պաշտպանված կլինենք գալիք դժվարություններից ու արհավիրքներից:

Մարդիկ, մերժելով Աստծո գոյությունը և չհավատալով Նրա անվան զորությանը, մերժում են դիվային հարձակումներից պաշտպանվելու, հիվանդություններից բժշկվելու, իրենց խնդիրների լուծումը գտնելու և, ի վերջո, մահից հետո հավիտենական երջանիկ կյանք ունենալու հնարավորությունը: Իհարկե, շատերն ասում են, թե հավատում են Աստծուն, սակայն հավատքն առանց գործերի մեռած է (Հակոբ. 2.26): Խոսքը վերաբերում է հավատքի գործերին՝ չարը ատելուն, Աստծո Խոսքը կատարելուն, Աստծուն ծառայելուն:

Ոմանք մտավախություն ունեն, թե Հիսուսին հավատալով` ամեն ինչ կկորցնեն: Սակայն Հիսուսին հավատացողը ոչ թե կորցնում, այլ գտնում է: Մենք գտնում ենք Աստծո անսահման սերը, շնորհքը, օրհնությունը, պաշտպանությունը, Երկնքի արքայությունն ու հավիտենական կյանքը՝ փոխարենը կորցնելով միայն մեր մեղքերը: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: