«Առաջխաղացման համար դու պետք է մեծ հավատարմությամբ ծառայես». Ջեֆ Ռութլանդ

Wolarm.org կայքի զրուցակիցը հայտնի քարոզիչ, հովիվ և Աստվածաշնչյան ուսուցիչ Ջեֆ Ռութլանդն է, ով արդեն տասնամյակներ շարունակ քարոզում է Աստծո Խոսքը, Ավետարանը հասցնում տարբեր ազգերի:

Մեզ հետ զրույցում հովիվ Ռութլանդը խոսում է իր ծառայության և այն մասին, թե ինչպես կարող ենք առաջխաղացում ունենալ ծառայության մեջ և հասնել մեր կոչմանը:

Ինչպե՞ս ճանաչեցիք Տիրոջը և ինչպե՞ս ապաշխարեցիք:

Ես մեծացել եմ Միացյալ Նահանգների մկրտական եկեղեցիներից մեկում: Այդ հարանվությունը մեծ աշխատանք է կատարել իմ կյանքում՝ սովորեցնելով Հիսուս Քրիստոսին Տեր և Փրկիչ դավանելու կարևորությունը: Եկեղեցի հաճախում էի ծնողներիս հետ: Մենք հավաքվում էինք կիրակի և չորեքշաբթի օրերին: Ես նաև հաճախում էի կիրակնօրյա դպրոց: Եվ չնայած չէի էլ կասկածում, որ Հիսուս Քրիստոսն է Ճանապարհը, Ճշմարտությունն ու Կյանքը, այնուամենայնիվ, մանկությանս տարիների ընթացքում չապաշխարեցի:

Ապաշխարել եմ 18 տարեկանում: Այդ ժամանակ սովորում էի համալսարանի առաջին կուրսում: Ընկերներիցս մեկն ինձ հրավիրեց Աստվածաշնչի ուսումնասիրության խմբակ, որտեղ էլ կյանքս հանձնեցի Տիրոջն ու մկրտվեցի Սուրբ Հոգով: 

Մեր ընթերցողին շատ կհետաքրքրի, թե ինչ ծառայություն եք իրականացնում:

Ես Միսսիսիպիում ավագ հովիվ եմ, իսկ դա իր հերթին շատ ծառայություններ է պարունակում: Իհարկե, իմ կինը՝ Ռիտան, ինձ համար մեծ օրհնություն է եկեղեցին առաջնորդելու գործում:

Իմ կոչումը միշտ էլ եղել է չքարոզված ազգերին հասցնել Ավետարանը, չնայած հիմա հովիվ եմ, բայց շարունակում եմ անել դա: Անցյալ տարի ես Հիմալայան երկրներում էի, որոշ աշխատանքներ էինք իրականացնում տեղի հովիվների հետ: Որոշակի գործունեություն ենք ծավալում նաև Մերձավոր Արևելքում, ինչպես, օրինակ, գրքի տպագրությունը կամ այլ բաներ, որոնց նպատակը կրկին Ավետարանը Մերձավոր Արևելքի չքարոզված ազգերին հասցնելն է:

Այս օրերին դուք դասավանդում էիք Աստվածաշնչյան դպրոցում: Ի՞նչ կարծիք ունեք դպրոցի և ուսանողների մասին:

Միշտ էլ «Կյանքի Խոսք» եկեղեցու Աստվածաշնչյան դպրոցում դասավանդելը  համարել եմ առաջնային: Լինել «Կյանքի Խոսք»-ի ավագների հետ միևնույն թիմում, լինի Հայաստանում, թե մեկ այլ վայրում, ինձ համար մեծ պատիվ է:

Անդրադառնալով Աստվածաշնչյան դպրոցին՝ կարող եմ ասել, որ այս եկեղեցու տեսիլքի հաջողության կարևորագույն պատճառներից մեկը մարդկանց չդադարող հոսքն է դեպի դպրոց: Եթե այս դպրոցը չգործի, շատ դժվար կլինի նվաճել այն մեծ տեսիլքը, որն Աստված վստահել է «Կյանքի Խոսք» եկեղեցուն:

Կոչման հետ կապված կան տարբեր մոտեցումներ: Որոշ հովիվների կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ ունի կոչում, որը կարող է բացահայտել՝ Աստծուն խնդրելով: Որոշներն էլ կարծում են, թե մեր կոչումն այն է, ինչով սիրում ենք զբաղվել, ինչի նկատմամբ հետաքրքրություն ունենք: Ի՞նչ է ձեզ համար կոչումը:

Աստվածաշնչից բավականին պարզ երևում է, որ մեր կյանքի ընթացքում Հիսուսը կանչում է մեզ: Այսպիսով, առաջին կոչումը՝ Հիսուսին ճանաչելն է: Սա հստակ կանչ է աշխարհի բոլոր մարդկանց համար: Իրականում միայն որոշ մարդիկ են արձագանքում Հիսուսին ճանաչելու կանչին, և ովքեր ընդունում են Հիսուսին որպես իրենց Փրկիչ, գնում են Երկինք, իսկ ովքեր այդպես էլ չարձագանքեցին Տիրոջ տիեզերական կանչին, չեն մտնի Երկինք, այլ հավիտյան բաժանված կլինեն Աստծուց:

Այն բանից հետո, երբ մենք ճանաչում ենք Քրիստոսին, Աստվածաշունչը մարդկանց կանչում է եկեղեցի՝ Աստծո արքայության համար գործելու: Նշանակություն չունի՝ դուք օգնում եք եկեղեցուն կերակուր պատրաստելու հարցո՞ւմ, թե՞ հովիվ կլինեք: Աստվածաշունչը  սովորեցնում է, որ բոլոր քրիստոնյաները կանչված են Քրիստոսի մարմնի մեջ և Աստծո արքայության տարածման համար յուրահատուկ գործեր անելու: Մի մարդ կանչված է բիզնես սկսելու համար, իսկ մեկ այլ մարդ՝ լինելու փառաբանության թիմի ավագ. երկուսն էլ Աստծո կանչն է:

Հայտնության 22-րդ գլխում ասվում է, որ Հիսուսը կրկին գալու է և վարձահատույց է լինելու յուրաքանչյուրին իր գործի համեմատ: Մեր գործերը պետք է կապ ունենան մեր կոչման հետ: Օրինակ՝ իմ կինը կանչված է կին, մայր, համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ լինելու համար և որքանով նա հավատարիմ է իր կանչին՝ այդքանով էլ կվարձատրվի:

Այսպիսով, ես հավատում եմ,  որ յուրաքանչյուր մարդ կոչում ունի Աստծուց, և այդ կոչումն ընդգրկում է մեր կյանքի ամեն բնագավառը:

Այսինքն՝ մենք կարող ենք խնդրել Աստծուց ու ստանա՞լ մեր կոչումը:

Այո՛, բայց նաև կարծում եմ, որ  կոչման ճանապարհը բոլորն էլ պետք է նույն կերպ սկսեն: Դու օգնում ես որևէ մեկին՝ անել այն, ինչի մեջ Աստված կանչել է նրան: Չեմ ուզում շատ խորանալ մանրամասների մեջ: Եթե դու նորահավատ ես, ուղղակի ճանաչի՛ր Հիսուսին, մոտեցի՛ր Տիրոջը: Օգնի՛ր եկեղեցուն և եղի՛ր շատ հավատարիմ օգնելու, ծառայելու մեջ:

Որոշ մարդիկ, լսելով կոչման մասին ուսմունքներ, շտապում են և սխալներ անում: Նրանք փորձում են ծառայություններ, եկեղեցի կամ բիզնես սկսել,  բայց երբեք ծառայության մեջ հավատարիմ չեն լինում որպես օգնական կամ, առհասարակ, որպես սկսնակ: Առաջխաղացման համար դու պետք է մեծ հավատարմությամբ ծառայես:

Մեր եկեղեցում կա մեկը, ով մի ընկերության գլխավոր գործադիր տնօրեն է, որը ամբողջ Միսսիսիպի նահանգի մեջ աշխատակիցների թվաքանակի մեծությամբ երկրորդն է: Երբ այդ մարդը միացավ մեր եկեղեցուն, շատ էր ուզում ծառայել: Եվ իր ծառայությունն սկսեց այսպես. սուրճ էր պատրաստում, օգնում էր կերակուր պատրաստելու հարցում: Նա նույնիսկ հատակն էր մաքրում, շենքի մաքրությանն էր մասնակցում: Նա ամեն բան սիրով էր անում: Եվ երբ այդ մարդը  հավատարիմ մնաց այս բնագավառներում, մենք նրան ավելի շատ ծառայություններ վստահեցինք: Նա արդեն 15 տարվա հզոր հավատացյալ է:

Եթե դու իսկապես ուզում ես հասնել կոչմանդ, կարևորագույն բաներից մեկը սա է. սկսել ու վայելել այդ սկիզբը, լինել հավատարիմ սկզբում: Եթե նույնիսկ դու բիզնեսի ոլորտում մեծ վերակացու ես, եկեղեցում պետք է սկսես «սուրճ պատրաստելուց և հատակ մաքրելուց»՝ վայելելով և սիրելով ծառայությունդ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: