Պողոս առաքյալը Փիլիպեի հավատացյալներին հրաշալի խոսքեր է գրում. «… լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով, միաշունչ միևնույնը խորհեք»: Խորհուրդ կտամ, որ կարդաք նաև այս խոսքերի շարունակությունը: 

Ինչպես ցանկացած առաջնորդ, այնպես էլ Պողոս առաքյալը ցանկանում էր տեսնել իր աշխատանքի արդյունքը և ուրախանալ: Նա փափագում էր ոչ թե ֆինանսական կամ նյութական պարգևատրում, այլ՝ հավատացյալների միջև միաբանություն, որպեսզի Տիրոջ գործն առաջ գնար:
Եկեղեցու շինության գործում յուրաքանչյուր հավատացյալ մեծ դեր ունի, որն  իրականացնելու համար պիտի ձեռք բերի բնավորության այնպիսի գծեր, որոնց մասին հիշատակում է Պողոս առաքյալը՝ սեր, գթածություն, ողորմություն: 

Մենք՝ որպես հավատացյալներ, պետք է ունենանք նույն միտքը և միաշունչ միևնույն բանը խորհեք: Իհարկե, խոսքը չի վերաբերում ամբոխային մտածելակերպին, որովհետև ամեն մարդ իր մտածելակերպն ունի: Սակայն եկեղեցում պետք է համախմբվել Տիրոջ գաղափարների և տեսիլքի շուրջ, ունենալ Հոգու հաղորդություն: Սա է միաբանությունը: 

Սիրելինե՛ր, եկեք միաբան լինենք մտքով և հոգով: Մեր տեսիլքն է` սիրել և ծառայել Քրիստոսին և միմյանց: Ծառայելով եկեղեցում՝ միշտ հիշե՛ք, որ դուք Քրիստոսի մարմնի անդամն եք: Պահպանե՛ք միաբանությունը Քրիստոսի մարմնում: Ամե՛ն: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: