Հաճախ մենք չենք հասկանում, թե ինչու պետք է արթուն մնալ և աղոթել, բայց այսօրվա խոսքը մեզ կարևոր հայտնություն է տալիս. Հիսուսն Իր աշակերտներին ասում է. «Արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք»: Յուրաքանչյուր մարդ կարող է փորձության մեջ ընկնել, եթե արթուն չլինի և չաղոթի: 

Արթնությունն ու աղոթքն անբաժան են միմյանցից: Ինչպես որ անհնար է ունենալ աղոթքի կյանք՝ առանց արթնության, այնպես էլ արթնություն՝ առանց աղոթքի:  

Հիսուսն Իր աշակերտներին զգուշացրեց, որ հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար: Հոգին հոժար է՝ կատարելու Աստծո կամքը, աղոթելու, Աստծո Խոսքը  կարդալու, բայց մարմինը՝ տկար է: Ահա թե ինչու աշակերտները չկարողացան արթուն մնալ և աղոթել: Նրանք շուտով հոգնեցին և քնեցին: 

Սիրելինե՛ր, մեր ներսում պայքար է գնում մարմնի և հոգու միջև: Նկատե՞լ եք՝ ամեն անգամ, երբ ուզում եք եկեղեցի գնալ, աղոթել, կարդալ կամ ծառայել Աստծուն, մարմնի տկարությունը գլուխ է բարձրացնում, իսկ երբ հերթը հասնում է հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստելուն, մարմինը լռում է: Պատճառն այն է, որ մարմինը միշտ պայքարում է հոգու դեմ, իսկ հոգին` մարմնի: Մենք պետք է ջանք անենք հոգով զորանալու և մարմնի տկարությանը հաղթելու համար: 

Թող Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: