DAILY DEVOTION-am-1200-600

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին զորություն և իշխանություն տվեց` մարդկանց դևերից ազատագրելու և բժշկելու: Ուշադրություն դարձրեք, որ նախքան բժշկության և ազատագրման պարգևների շնորհելը, Հիսուսն Իր աշակերտներին մեկտեղ կանչեց: Աստվածաշնչում ոչինչ իզուր գրված չէ: Այն ամենը, ինչ գրված է, շատ կարևոր է: Եվ մենք պետք է սովորենք կարևորել կարևորը:

Հիսուսն Իր աշակերտներին հավաքեց մեկտեղ: Որտեղ հավատացյալները հավաքված են մեկտեղ, այնտեղ Տիրոջ եկեղեցին է, և Տերն այնտեղ է:

Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդիկ ոչ միայն հավաքված են մեկտեղ, այլև ունեն մեկ միտք, մեկ հոգի, պաշտում և երկրպագում են մեկ Աստծո: Ես չեմ խոսում ամբոխային մտածելակերպի մասին: Եկեղեցում յուրաքանչյուր մարդ ունի իր ընտրությունը,  ճաշակը, ոճը, կրթությունն ու մասնագիտությունը: Սակայն ինչ վերաբերում է հոգևոր հարցերին, մենք պետք է ունենանք նույն մտածելակերպը և  համախմբվենք նույն գաղափարի շուրջ, որովհետև պաշտում ենք նույն Աստծուն:

Սիրելի’ բարեկամ, եթե դու Քրիստոսի աշակերտն ես և Աստծո ժողովրդի հետ հավաքվում ես մեկտեղ, պետք է հավատաս, որ քեզ տրված է իշխանություն` դևերից ազատագրելու և հիվանդներին բժշկելու:

Մի’ վախեցիր ոչ մի անեծքից, սատանայական դրսևորումից, կախարդությունից և  հիվանդությունից: Ոչ միայն դու կարող ես բժշկվել և ազատագրվել Աստծո զորությամբ, այլև ուրիշներին էլ կարող ես օգնել՝ բժշկություն և ազատագրում ստանալու:

Աստված օրհնի քեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: