Հովի՛վ Արթուր, Դուք վերջերս եք վերադարձել Եվրոպա կատարած ծառայողական շրջագայությունից կպատմե՞ք այնտեղ իրականացրած ծառայությունների մասին

Եվրոպական շրջագայությունը սկսվեց Հոլանդիայից, որտեղ ծառայություններ անցկացրեցի մեր եկեղեցում, որը հայախոս եկեղեցի է: Հրաշալի էր այնտեղ տեսնել մեր հայրենակիցների փրկությունը: Ես ունեցա նաև հովվական ծառայություն, որին ներկա էին հովիվներ և ծառայողներ Հոլանդիայից, Բելգիայից: Միասին շփվեցինք, ինչը շատ պտղաբեր էր ու կառուցողական։ Առհասարակ, կարող եմ ասել, որ Հոլանդիայի եկեղեցին ավելի շատ կառուցողական է:

Հոլանդիայից հետո կնոջս՝ Լուսինեի, հետ մեկնեցինք Գերմանիա: Այնտեղ հանդիպեցինք Սիրիայում իր անձը դրած իմ լավ ընկեր Էդիկ Պետրոսյանի կնոջը՝ Աստղիկին, և երեխաներին: Շատ էինք կարոտել միմյանց, շատ ջերմ ու հրաշալի հանդիպում էր՝ լի շփումով և աղոթքով։

Այնուհետև ծառայություն անցկացրեցի Ֆրանկֆուրտի եկեղեցում, ուր հավաքվել էին հավատացյալներ Գերմանիայի տարբեր տարածքներից: Խոսեցի այն մասին, որ մենք պետք է դժվարը հեշտացնենք, որպեսզի արթնություն ունենանք: Եկեղեցին լցված էր Սուրբ Հոգով, շատ ուժեղ ծառայություն ունեցանք, ինչի մասին հետո բազմաթիվ վկայություններ եմ ստացել:

Այնտեղ նաև հանդիպեցի հովիվ Յոհաննես Յուսթուսի հետ, ով Գերմանիայի ավետարանական հավատքի եկեղեցիների նախագահն է: Նա ինձ և Լուսինեին ընթրիքի էր հրավիրել, և մենք օրհնված ժամանակ ունեցանք: Խոսեցինք հետագա փոխգործակցության զարգացման մասին, որ պետք է «կամուրջներ» կառուցենք, որպեսզի գերմանացիները մեզ մոտ, մենք էլ՝ Գերմանիայում, ծառայություններ անցկացնենք և օգտակար լինենք միմյանց այն պարգևներով ու շնորհներով, որ Տերը տվել է մեզ: Ես շատ ուրախ եմ, որ աշխարհում կա մեր կարիքը:

Գերմանիայից տեղափոխվեցինք Չեխիա: Այնտեղ մի քանի օր հանգիստ ունեցանք, որովհետև այդ ժամանակը համընկավ իմ ծննդյան օրվա հետ: Փառք Աստծուն այնտեղի հայերի համար. նրանցից մեկի տանն էլ հենց նշեցինք ծնունդս: Իրականում Պրահան շատ գեղեցիկ քաղաք է:

Այնտեղ կայացավ ծառայողական կոնֆերանս, որին ներկա էին հինգ տարբեր երկրների հովիվներ և ավագներ: Իսկ այնուհետ ունեցա հանդիպումներ եկեղեցու անդամների և այլ տեղերից ժամանած մարդկանց հետ: Սուրբ Հոգու զորությունը լցված էր եկեղեցում, և բոլորը վկայում էին, որ կարծես եկեղեցին կառուցվում և վերականգնվում է: Այս ամենն Աստծո օրհնությունն էր:

Այժմ Հայաստանում եմ, բուռն աշխատանքների մեջ, այստեղ մեծ ծառայություններ, հովվական հանդիպումներ ենք իրականացնում: Ամեն բանի համար փառք Հիսուսին:

Փաստորեն, Հայաստանը փոքր երկիր է, բայց այսօր հոգևոր բան ունի տալու եվրոպական եկեղեցիներին

Մենք պետք է նայենք ոչ թե մեր երկրի չափսերին, այլ այն կոչմանը, որ ունենք Աստծո մեջ։ Իրականում Տերը մեզ շատ տեղեր է առաջնորդում Ավետարանի ազդեցությունը բերելու, հոգևոր եկեղեցաշինության և արթնության գործում օգտակար լինելու համար։ Ցանկացած երկիր կամ քաղաք, ուր Տերը մեզ տանում է, միշտ հետք է մնում և պտուղ ենք ունենում: Այդ մասին ոչ թե մենք ենք խոսում, այլ ուրիշներն են վկայում։

Եվրոպայի եկեղեցիների հետ մենք բաց ենք փոխադարձ շփումների և ծառայությունների համար։ Օրինակ՝ Չեխիայի եկեղեցու հովիվը կամեցավ, որ ես դառնամ իր հոգևոր ավագը, իսկ նրա կինն էլ Լուսինեի հետ ցանկացավ համագործակցել, որպեսզի միշտ կապի մեջ լինենք, նրանց օգնենք մեր խորհուրդներով, ինչին մենք միշտ պատրաստ ենք: Նրանք այժմ կանգնած են այնպիսի հարցերի առաջ, ինչերի միջով մենք արդեն անցել ենք:

Ես կարծում եմ, որ հոգևոր եկեղեցաշինությունը պայմանավորված չէ ազգային պատկանելությամբ: Իհարկե, կան մշակութային տարբերություններ և ազգային առանձնահատկություններ, բայց եկեղեցական համայնքի կառուցումը կապված է աստվածային իմաստության և փորձի հետ: Իսկ մեր ունեցած փորձով մենք կարող ենք եվրոպական եկեղեցիներին օգտակար լինել: Այնպես որ, աշխատանքը շատ է և շարունակական:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: