Sevak Barseghyan

wolarm.org կայքի  զրուցակիցն այս անգամ  Լիբանանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սևակ Բարսեղյանն է: Մեզ հետ զրույցում խոսեց դժվարությունների, կյանքի իսկական ընկեր գտնելու և ճիշտ ընտրություն կատարելու մասին:

Աստվածաշնչյան շատ հերոսների կյանքում այնպիսի դժվարություններ են եղել, ինչի արդյունքում նրանք մոտեցել են Աստծուն: Ձեր կյանքում եղե՞լ է նման իրավիճակ:

Իմ կյանքում այսպիսի պատմություն է եղել: Երբ ես առաջին անգամ եկեղեցի եկա, ապաշխարեցի, մայրս հարցրեց, թե ինչպես էր եկեղեցում: Պատասխանեցի. «Շատ լավ էր: Բայց ես վախենում եմ՝ ընկերներիս կորցնել»: «Բայց դու ամենաուժեղ ընկերը կգտնես»,- վստահորեն ասաց մայրս:

Երբ մարդկանց ասում ես՝ չեմ ծխում, չեմ խմում, հիանում են, բայց երբ բացատրում ես, որ դա  Հիսուսի անվան համար է, հիասթափվում են, ասելով՝ դու գժվե՞լ ես:

Ես ոչ մի անգամ չեմ ուրացել Աստծուն, երբեմն վիճել եմ մարդկանց հետ, իսկ երբ շատերը սկսեցին քննադատել Աստվածաշունչը որպես հակասություններով լի գիրք, ես ավելի գիտականորեն մոտեցա Սուրբ գրքին, որն էլ նպաստեց, որ Տիրոջ հետ ավելի մտերմանամ:

Ես շատ ընկերասեր եմ և ընկերներն իմ կյանքում շատ կարևոր տեղ ունեին: Ես նրանց իրոք կորցրի, և դա ինձ համար մեծ ցավ էր: Սակայն երբ քեզ թողնում են բոլոր ընկերներդ, գտնում ես Մեկին, Ով ամենաուժեղն ու անփոխարինելին է: Նրա մեջ է ապահովությունն ու կյանքը, Նա իմ Աստվածն է:

Իհարկե հիմա ընկերներս քիչ-քիչ վերադառնում են՝ հասկանալով, թե որն է ճշմարտությունը, սակայն սա իմ կյանքի մի դժվար ընթացք էր, որն ինձ մտերմացրեց Աստծո հետ:

Իմաստուն կինն օրհնություն է: Ինչպե՞ս հանդիպեցիք ձեր կնոջը և ինչպե՞ս հասկացաք, որ ձեր միությունն Աստծո կամքն է:

Իմ կոչումը միսիոներությունն է, և ես հստակ գիտակցում էի, որ իմ կողքին պետք է լինի հզոր մեկը: Ինձ համար սկզբունք է եղել, որ կինս լինի անպայման հոգևոր հասուն քրիստոնյա, իսկ եթե նորահավատ էլ լինի, ապա գոնե ունենա Աստծուն ճանաչելու պատրաստակամություն: 

Աստծո համար պատահականություններ չեն լինում: Եվ մեկ անգամ ծառայություններից մեկի ժամանակ նկատեցի ապագա կնոջս:  Նույնիսկ երկար չաղոթեցի, քանի որ այնքան վստահ էի, որ նա է իմ ապագա կինը. մենք  համապատասխանում էինք, և մեր կոչումը նույնն էր:

Երբ պետք է Լիբանան գնայի՝ միսիոներության, նա տխրելու փոխարեն՝ ուրախացավ, քաջալերեց, որ աճում եմ ծառայությանս մեջ, բարձունքի եմ հասնում: Այս ամենը ևս հաստատեց, որ մեր միությունը Աստծուց է: Տերը ճիշտ ժամանակին կողքիս դրեց իմ ապագա կողակցին:  

Կինս եկեղեցում իմ օգնականն է: Նա զորավոր մեկն է, ով նույնիսկ իր ուսումն է ընտրել Տիրոջը ծառայելու համար:  Ես ցնծում եմ, որ իմ կողքին մարգարեական պարգևով կին է, քանի որ նրա հետ հնարավոր չէ սխալվել:

Իմ խորհուրդն է, որ մարդիկ սկզբում ունենան իրենց տեսիլքը, ապա՝ ընտրություն կատարեն:  Կոչումով միսիոներ ամուսինն ուղղակի դժբախտ կլինի, եթե իր կինը չունի միևնույն տեսիլքը և իր կյանքը չի պատկերացնում Հայաստանից դուրս: Աստված կամենում է կողքիդ տեսնել քեզ աջակցողին և քո օգնականին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: