Կարենը ծնվել է 1983թ.-ին Երևանում: Ֆինանսական անապահով կացությունն ու ընտանեկան անհաշտ մթնոլորտը ստիպել են նրան վաղ տարիքից սեփական մաշկի վրա զգալ կյանքի դառնությունը. 1գողություն, հարբեցողություն, թմրանյութեր, արդյունքում՝ հիվանդություն… Այո՛, հենց այսպիսին էր Կարենի ապրած կյանքը, երբ դեռ չէր լսել Ավետարանի Բարի լուրը:

– Մանուկ հասակից սկսել եմ գողություն անել, խմել, ծխել: Հայաստանում այն ժամանակ նմանօրինակ կյանքը շատ տարածված էր:

Երբ 1999թ.-ին տեղափոխվեցինք Եվրոպա, ընկղմվեցի հանցագործ աշխարհի մեջ: Դրան նպաստում էին նաև ծնողիս՝ հորս հետ ունեցած վատ փոխհարաբերությունները: Հայրս չէր ուզում ինձ պես զավակ ունենալ: Իսկ տնից ինձ վռնդելն առիթ հանդիսացավ, որ լիովին նվիրվեմ հանցագործ աշխարհին. գողություն էի անում, մարդկանց կողոպտում: Հետո քիչ-քիչ սկսեցի նաև թմրադեղեր օգտագործել: Որոշ ժամանակ անց ուղղակի հասկացա, որ խորը կախվածություն ունեմ թմրանյութերից:

2003 թվականն էր, երբ Հայաստան չարտաքսվելու համար հոգեբուժարան ընկա: Ստուգումներ անցա, և պարզվեց՝ հիվանդ եմ. ախտորոշել էին արյան լեյկոզ: Լուրը ծանր հարվածի էր նման: Ինձ համար կարծես ամեն բան ավարտված լիներ: Սկսեցի ցոփ ու շվայտ կյանք վարել:

Նույն ժամանակահատվածում իմացա, որ ընկերներիցս մեկը, ով Եվրոպայում հանցագործ հեղինակություն էր, հավատացյալ է դարձել: Զարմացա ու շատ բարկացա: Երբ հանդիպեցինք, սկսեցի անխնա ծաղրել իր հավատքը:

Մի անգամ գործով փախստականների ճամբար էի գնացել, որտեղ հանդիպեցի հավատացյալ ընկերոջս: Խնդրեց կիրակի իրեն եկեղեցի տանել: Որոշեցի չմերժել: Գնացի տուն, նայեցի երկնքին և քանի որ ինքս էլ հոգնել էի կյանքիցս, ասացի,- «Աստվա՛ծ, եթե Դու կաս այնպես, ինչպես Քեզ ներկայացրել է ընկերս, կիրակի օրը գալիս եմ եկեղեցի, տեսնեմ՝ ինձ հետ ինչ կանես»:

Կիրակի օրը գնացինք եկեղեցի: Երբ լսեցի փառաբանության ձայնը, կարծես ամբողջությամբ կրակով պատվեի, մի ջերմություն ինձ ամբողջությամբ գրկել էր: Այդ ամենի մեջ ես սեր էի զգում: Այնպիսի տպավորություն էր,  կարծես ներսումս ինչ-որ բան քարուքանդ էր լինում: Ապշեցնող էր նաև այն, որ կյանքիս լավ և վատ հիշողությունները կինոժապավենի պես աչքիս առջև էին: Ես չէի հասկանում ոչինչ, միայն լաց էի լինում:2

Այդ օրը ո՛չ ծխելու, ո՛չ խմելու, նույնիսկ թմրադեղեր ընդունելու ցանկություն չկար: Որոշեցի Աստվածաշունչ կարդալ. որ էջը բացում էի, կարծես իմ մասին լիներ, ինձ հետ խոսեր: Կարդում էի ու լաց լինում: Գնացի ընկերոջս մոտ, պատմեցի ամբողջը: Ընկերս ուրախությունից թռչկոտում էր և ցնծում. Տիրոջ Խոսքն ինձ էլ էր կպել:  

Սկսեցի Աստվածաշունչ կարդալ, հաճախել եկեղեցի, բայց դեռ շարունակում էի մեղքի կյանքով ապրել, ինչի հետևանքով կրկին հեռացա Աստծուց: Այս անգամ անկումս ավելի խորն էր: Հանցագործ մեծ հեղինակությունների հետ պատմությունների մեջ էի ընկել, իսկ  ընտանիքս, հարազատներս վերջնականապես ինձնից հոգնել և երես էին թեքել:

Այդ ամենը հաղթահարելու համար  գնացի Գերմանիա՝ քրիստոնեական վերականգնողական կենտրոնում բուժվելու, այնուհետև՝ Իսպանիա: Նոր կյանք սկսելու համար ինձ անհրաժեշտ էր փոխել միջավայրը, ապրելակերպս: Հենց այդ պատճառով վերադարձա Հայաստան՝ ադամանդագործություն սովորելու: 

Նույն ժամանակահատվածում ծանոթացա ապագա կնոջս հետ: Միասին սկսեցինք հաճախել եկեղեցի…

Որոշել էի թողնել մեղավոր կյանքս: Հիշում եմ, որ առաջին շաբաթվա ընթացքում ես միայն լաց էի լինում և ապաշխարում գործածս մեղքերից: Խնդրում էի Տիրոջից, որ ների ինձ և օգնի՝ թողնել մեղքի կյանքը. զզվել էի ինքս ինձնից:

Հաջորդ անգամ, երբ եկեղեցի գնացի, նախքան ներս մտնելը, աղբաման նետեցի գրպանումս եղած ծխախոտը՝ ունենալով հաստատուն  որոշում՝ այլևս չօգտագործել ո՛չ ծխախոտ, ո՛չ խմիչք և ո՛չ էլ թմրանյութեր: Ես հավատում եմ, որ դա քայլ էր դեպի Աստված, որոշում էր՝ ապրել առանց մեղքի, այդ պատճառով էլ Աստված վերականգնեց ինձ:

Չնայած ազատվել էի ամեն տեսակի կախվածությունից, բայց դեռ հիվանդ էի: Արյան լեյկոզը հետզհետե խորանում էր,  առողջությունս՝ վատանում: Իմացա, որ Իրանում համեմատաբար ցածր գներով բուժում են իրականացնում: Մի կերպ հավաքեցի անհրաժեշտ գումարն ու գնացի Իրան:

4Վիրահատության օրն անընդհատ  ձգձգվում էր: Ես ծոմ պահեցի: Աղոթում էի և պատասխանի սպասում Տիրոջից: Չորրորդ օրը, Աստվածաշունչ կարդալիս,  աչքովս ընկավ Ծննդոց 1.3-րդ խոսքը. «Եվ Աստված ասաց. «Լո՛ւյս լինի, և լույս եղավ»»: Հետո կարդացի Եսայի 53-րդ գլուխը, որտեղ գրված է. «…  մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց,  մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և  Նրա վերքերով մենք բժշկվեցինք»:

Տիրոջից հայտնություն ստացա, որ երբ երկինքն ու երկիրը ստեղծած Աստված, Ով Իր կյանքն նույնիսկ ինձ համար չի խնայել, ասում է, որ Իր վերքերով մենք բժշկված ենք, ուրեմն ես ևս կարող եմ լինել բժշկված:

Ներսումս ինչ-որ բան փոխվեց, վստահությամբ և լրջությամբ լցվեցի: Եվ երբ հինգերորդ օրն իմացա, որ վիրահատության օրը կրկին հետաձգվել է, որոշեցի հրաժարվել վիրահատությունից, քանի որ հավատացած էի, որ Քրիստոսի վերքերով ես արդեն բժշկված եմ:

Ծոմի մեջ էի ևս չորս օր, ինչից հետո գնացի հիվանդանոց, կրկին հետազոտվեցի և զգացի, որ այլևս կարիք չկա աղոթել հիվանդության համար, միայն պետք է շնորհակալություն հայտնեմ և փառաբանեմ Աստծուն:  

Հետազոտման պատասխանը ստանալու էի միայն 20 օր անց, հետևաբար, վերադարձա Հայաստան:

Տասնութերորդ օրն էր՝ Հայաստանում էի: Մի օր, երբ քնած էի, ինչ-որ տհաճ երևույթի ներկայություն ստիպեց՝ աչքերս բացել: Շատ զզվելի կերպարանք տեսա: Միաժամանակ և՛ զզվանք էի ապրում, և՛ վախ: Սկսեցի հռչակել Տիրոջ անունն ու Հիսուսի անունով հրամայեցի հեռանալ, ինչից հետո այդ  երևույթը պարզապես դուրս եկավ սենյակիցս ու հեռացավ: Ես չհասկացա՝ վախի՞ ոգին էր, թե՞ լեյկոզի, բայց տասնիններորդ օրը Թեհրանից հաղորդագրություն ստացա, որ հետազոտման պատասխանը ստացվել է, և ես առողջ եմ: Ես շնորհակալություն հայտնեցի Տիրոջը, քանի որ լիովին բժշկված էի:

Բժշկվելուց հետո ամուսնացա: Աստված օգնեց վերականգնել փոխհարաբերություններս նաև հորս և պապիս հետ, օրհնեց բնակարանով և բիզնեսով: Աստծո հետ իմ անձնական հանդիպումն արմատապես փոխեց կյանքս: Մինչև օրս իմ կյանքում վայելում եմ Տիրոջ օրհնությունները: Ամբողջ փառքը, պատիվն ու զորությունը Նրանն է:

Մարդի՛կ, հավատացե՛ք՝ այն Աստված, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը, Ով նույնիսկ Իր Որդուն չի խնայել մեզ համար, պատրաստ է իրականացնել Իր հրաշքը յուրաքանչյուրիս կյանքում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: