«Աստծուն ճանաչելը հիմնովին կփոխի կյանքդ». Վասիլի Դոցենկո

«Եթե դու պատվես ու հավատարիմ մնաս քո ուխտին, որ ունես Աստծո, եկեղեցու, ամուսնուդ կամ կնոջդ հետ,  ապա չարը քո կյանքում տեղ չի ունենա»: Այս մասին փետրվարի 14-ի և 15-ի եկեղեցական ծառայություններին քարոզեց Նովոսիբիրսկի «Անկյունաքար» եկեղեցու հովիվ Վասիլի Դոցենկոն:

Հովիվը Հայաստանում է կնոջ՝ Նատալյա Դոցենկոյի հետ, ով փառաբանության և երկրպագության զորավոր ծառայող է: Աստված մեծապես փառավորվել է նրանց կյանքում, քանի որ այն ժամանակ, երբ թմրադեղերից կախվածություն ունեցող երիտասարդ Վասիլիին ոչ ոք հույս չէր տալիս, երբ բոլորը, այդ թվում՝ սեփական հայրը, վերջակետ էին դրել նրա կյանքին, կար մեկը՝ Նատալյան, ով աննահանջ բարեխոսում էր Աստծուն իր ապագա ամուսնու համար: Եվ Աստված Իր զորավոր ձեռքով փրկեց ու կերպարանափոխեց Վասիլիին, ավելին՝ կանչեց նրան ծառայության:

Տիրոջ շնորհքով Վասիլին և Նատալյան Նովոսիբիրսկում բարձրացրել են հզոր եկեղեցի, որն ունի հազարից ավելի անդամ: Նրանց մեծ մասը նախկին թմրամոլներ և հարբեցողներ են, մարդիկ, ովքեր անցել են բանտերով, բայց այսօր քայլող հրաշքներ են և կենդանի վկայությունն այն բանի, որ Աստված փրկում է նույնիսկ ամենաանհույս վիճակում գտնվող մարդկանց:

«Երբ Հիսուսը եկավ աշխարհ, մարդիկ մեղքի անեծքի տակ էին ու դժոխք էին գնում: Բայց Տերը հաղթեց չարին: Հիսուսը մեզ բոլորիս փրկեց հավիտենական մահից: Եվ երբ երկրպագում ենք Աստծուն, Նրա զորությունն այսօր էլ ազատագրում ու հրաշքներ է գործում»,- ծառայության սկզբում ասաց Նատալյա Դոցենկոն՝ կատարելով փառաբանության զորավոր երգեր:

Հովիվ Վասիլիի պատգամի գլխավոր ուղերձը հետևյալ սուրբգրային համարն էր. «Եվ ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթությամբ, բայց իրենց Աստծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա և գործի» (Դանիել 11:32):

Աստծուն ճանաչելը մարդուն վերափոխում է: Հնարավոր չէ Տիրոջը ճանաչել, բայց նույնը մնալ: Մարդն իր էությամբ, վարքով, ապրելակերպով իրապես դառնում է Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչը ոչ միայն եկեղեցում, այլև ամբողջ աշխարհում: Նա շարունակում է Տիրոջ փառքը տարածել ամենուր:

«Չկա մի իրավիճակ, որի համար Տերը լուծում չունենա: Իմացի՛ր՝ Տերը կարող է վերականգնել ու կարգավորել քո կյանքը: Նա ունի ճանապարհ, հույս, բժշկություն, պատասխան քեզ համար՝ Իրեն ճանաչելու միջոցով: Այսօր ես չէի կարողանա քարոզել և վաղուց արդեն ողջ չէի լինի, եթե մեկ օր Տերն ինձ չվերականգներ»,- ասաց հովիվ Վասիլին:

Եկեղեցական ծառայութունը կարող եք դիտել այստեղ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: