PASTOR EDUARD DERYOMOV: “GOD CAN CHANGE OUR “DNA””

Համաժողովի այսօրվա երկրորդ խոսնակը Ռուսաստանի  «Ելից» եկեղեցու ավագ  հովիվ Էդուարդ Դերյոմովն էր, ով, ի դեպ, հայրական կողմից ազգությամբ հայ է և առաջին անգամ է գտնվում հայրենիքում:

Հովիվ Դերյոմովի պատգամը Տիրոջ հանդեպ երբեք խանդավառությունը չկորցնելու և միշտ պտղաբեր լինելու մասին էր: Յուրաքանչյուր մարդու բնորոշ է ինչ-որ բանի հարմարվելը, ինչը, սակայն,  կարող է մեզ պասիվ հոգեվիճակի մեջ գցել:

Հովիվ Էդուարդը հորդորեց դռներ չբացել սատանայի համար և հրաժարվել մեղքից: Նշելով, որ Տիրոջ հետ անձնական հանդիպումից է կախված մեր կյանքի հետագա ընթացքը: Պատմելով իր կյանքից հետաքրքիր մանրամասներ՝  հովիվ Էդուարդը հորդորեց աղոթքով պայքարել հարազատների համար:

«Աստծո Խոսքի համաձայն՝ դուք հաղթել եք սատանային Գառան Արյունով և վկայության խոսքով: Ունեցե՛ք սա ձեր սրտերում և հրաշքներ կտեսնեք»,- ասաց հովիվը: Պայքարելու համար մեզ ռազմավարություն է անհրաժեշտ, որը պետք է Տիրոջ Խոսքից բխի: Չկա ռազմավարություն՝ չկա պայքար, իսկ առանց պայքարի չկա հաղթանակ:

«Ունեցի՛ր հավատքի ինքնուրույնություն, կատարի՛ր հավատքի քայլ, քանի որ Աստված ուզում է քեզ նոր սկիզբ տալ»,- ասաց հովիվը՝ հավելելով, որ սնանկությունը, աղքատությունը, հիասթափությունները  «երիքովներ են», որոնց ժամանակ առ ժամանակ բախվում ենք: Բայց հենց այստեղ է որոշվում՝ կշարունակե՞նք առաջ գնալ, կունենա՞նք նոր սկիզբ , թե՞ ոչ: Նա նաև զգուշացրեց թույլ չտալ, որ մարդիկ բացասական կերպով ազդեն մեր հավատքի վրա:

Հովիվ Դերյոմովը աղոթեց ներկաների համար, որպեսզի նրանք կարողանան փոխվել, հավատքով ձգտել նոր սկզբի և վերականգնեն Տիրոջ հետ փոխհարաբերությունները:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: