Աստվածաշնչում հստակ գրված է, որ շաբաթվա յոթերորդ օրը օրհնված է: Այդ օրը պատկանում է Աստծուն և պետք է լինի հանգստի, եկեղեցի գնալու, Աստծուն պաշտելու օր բոլորի համար: Աստված պատվիրում է` վեց օր աշխատիր և յոթերորդ օրը հանգստացիր:

Սակայն այս պատվիրանը հաճախ անտեսվում է մեր զբաղված լինելու կամ կարևոր գործեր ունենալու պատճառով: Մենք չենք գիտակցում, որ յոթերորդ օրը վերականգնման օր է: Այդ օրը մեր կյանքը կարող է փոխվել, հրաշքներ կարող են լինել: Չէ՞ որ Աստծո հետ շփումը մեզ նորոգում է, լցնում հույսով ու հավատքով:

Մարդուն իր հոգևոր դիրքից գցելուց առաջ սատանան նրանից գողանում է յոթերորդ օրը: Մարդը զրկվում է հանգստանալու և իր ընտանիքով եկեղեցի գնալու հնարավորությունից: Կորցնելով իր հանգստյան օրը` նա մշտապես ապրում է ծառայության լծի տակ և, ի վերջո, կորցնում ամեն ինչ:

Կար ժամանակ, երբ Հռոմում ծառաների վիճակն այնքան էլ վատ չէր: Նրանք  ապրում էին բարեկեցիկ տներում, լավ սնունդ ստանում և ծառայում իրենց տերերին՝ տուն մաքրում, երեխաներին խնամում և այլն: Քանի որ հրեաները հանգստյան օրը պահում էին, նրանց աշխատանքի չէին վերցնում, որովհետև տերերը փնտրում էին այնպիսի ծառաների, ովքեր շաբաթ օրն էլ իրենց կծառայեին: Այդ իսկ պատճառով, հրեաները թեև դժվար էին ապրում, բայց ծառաներ չէին դառնում: Աստծո օրենքը մի ողջ ժողովրդի փրկում էր ծառայությունից:

Սիրելինե՛ր, եկեք սուրբ պահենք յոթերորդ օրը. վեց օր աշխատենք, իսկ յոթերորդ օրը նվիրենք Տիրոջը: Այդ ժամանակ երբեք ծառա չենք լինի, այլ կտեսնենք Տիրոջ զորությունն ու գերբնական օրհնությունները, կունենանք նորոգված, սուրբ ու մաքուր կյանք:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: