Հոկտեմբերի 30-ին ավարտվեց «Ես պատրաստ եմ» պատանեկան կոնֆերանսը:

Օրվա երկրորդ մասում պատանիներին քարոզեց Կալինինգրադի «Ճշմարտություն» եկեղեցու երիտասարդական ծառայության պատասխանատու Օնիկ Առաքելյանը: Եվ իր քարոզը սկսեց հարցադրումով, թե արդյո՞ք նրանք պատրաստ են իրենց կյանքերի համար պատասխանատվություն կրել: Նրա խոսքով՝ երբեք շուտ չէ ծառայել Տիրոջը: Եվ, ուրեմն, կարևորագույն հարցը, որ պետք է տա յուրաքանչյուր մարդ, հետևյալն է «Ի՞նչ կարող եմ անել Քեզ համար, Տե՛ր»:

Օնիկի խոսքով՝ երբ մեր կյանքը սկսում ենք հենց այս հարցով, Տերը չի ուշացնում պատասխանը, և մեր կյանքը կառուցվում է ճիշտ կերպով: Նա նաև հորդորեց յուրաքանչյուր բնագավառում լինել առատաձեռն, շնորհքով և տեղ չտալ ագահությանը:

Այնուհետև պատանիները ունեցան վարպետության դասեր, որոնց ընթացքում նրանք կրկին բաժանվել էին երկու խմբի: Նրանք  նախապես կազմել էին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանեցին Համլետ Արսենյանը, Գասպար Վարդանյանը իրենց կանանց հետ և Օնիկ Առաքելյանը:

Իսկ արդեն օրվա վերջում կայացավ շատ սպասված մրցանակաբաշխությունը. հաղորդավարները հայտարարում էին տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված թիմերին, ինչից հետո էլ վերջիններս ցուցադրում էին իրենց թիմային աշխատանքները՝ ներկայացումները:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: