Աստված մեր մեջ դրել է ձգտումներ, որոնցից չենք կարող ազատվել, բայց կարող ենք կատարել դրանք Իր կամքի համեմատ,- հենց այս խոսքերով էլ Մայք Բիքլն սկսեց ուղերձը:

Փառաբանությունից և երկրպագությունից հետո քարոզիչը նշեց այն հիմնական ձգտումները, որոնք դրված են մեր մեջ Տիրոջից. «Երբեմն մենք ցանկանում ենք ազատվել, նույնիսկ ապաշխարում ենք այդ ձգտումների համար՝ առանց գիտակցելու, որ Աստված է դրանք դրել մեր մեջ: Դրանք են՝ վստահության ձգտում, որ մենք հաճելի ենք Աստծուն, հրապուրված և գերված լինելու ձգտում, գեղեցիկ և մեծ լինելու ձգտում: Ի վերջո, Աստծո հետ մտերիմ լինելու և ազդեցիկ լինելու ձգտում: Սրանք այն կարևոր ձգտումներն են, որոնք Տերը դրել է մեր մեջ և ցանկանում է, որ հասնենք նրանց Իր կամքի համաձայն»:

Իր խոսքում հովիվ Մայքը նշեց նաև, որ շատ հաճախ թշնամին շշնջում է մեր ականջին, որ սխալ է, երբ մենք մեծ կամ գեղեցիկ լինելու ձգտում ունենք. «Հասկացե՛ք. մեծ Աստված

է ստեղծել մեզ մեծ լինելու համար: Սակայն մենք ոչ թե պիտի հպարտանանք, այլ թույլ տանք, որպեսզի Տերը բարձրացնի և հաստատի մեզ Իր Խոսքի համեմատ: Նույնը գործում է նաև մյուս բնագավառների համար»,- նշեց Բիքլը և հավելեց, որ այդ ձգտումները մասամբ լրացվում են այս երկրի վրա, բայց լիովին իրենց նպատակին կհասնեն հավիտենության մեջ:

Հավաքույթի վերջում քարոզիչն աղոթք բարձրացրեց ներկաների համար, որպեսզի ունենան ձգտումներ՝ համաձայն Աստծո Խոսքի և կամքի:

Իսկ առջևում կոնֆերանսի մասնակիցներին դեռ սպասվում է ևս մեկ հավաքույթ, որը հագեցած կլինի նոր հայտնություններով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: