Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, և չկայ, նրանց լեզուն ծարավից չորացել է. Ես՝ Եհովաս, նրանց պատասխան եմ տալու, Իսրայելի Աստվածս նրանց չեմ ձգի:

Եսայի 41.17

Տիրոջ խոստումները մեծ են և իրականանում են այս կյանքում: Նա խոստացել է, որ չի թողնի աղքատներին ու տնանկներին, ովքեր քաղցած ու ծարավ են:

Միգուցե մտածեք. “Աշխարհում այնքան աղքատ մարդիկ կան, մի՞թե Աստված նրանց չի տեսնում”:

Աստված տեսնում է բոլորին և նկատում բոլորի կարիքները: Նա ոչ ոքի չի անարգում և չի արհամարհում: Յուրաքանչյուր մարդ, ով աղոթում և ապավինում է Աստծուն, պատասխան է ստանում:

Խոսքը նրանց մասին է, ովքեր իսկապես ապավինում են Աստծուն, ոչ թե Աստծո անունը տալով՝ փորձում են մարդկանց մեջ խղճահարություն առաջացնել և օգնություն ստանալ:

Սաղմոս 37.25-ում Դավիթ թագավորն ասում է. “Ես երեխա էի և ծերացա և չտեսա արդարին երեսից թողված և ոչ նրա զավակին, որ հաց մուրա”:

Ես բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, ովքեր, Տիրոջն ապավինելով, դուրս են եկել աղքատությունից և սկսել են բարգավաճել: Տերը ոչ ոքի անօգնական չի թողնի. Նա կամենում է օգնել յուրաքանչյուրին:

Ճիշտ է, աշխարհում բազմաթիվ աղքատներ կան, բայց նրանցից շատերը նույնիսկ չեն ցանկանում լսել Աստծո անունը: Սատանան նրանց հոգու աչքերը կուրացրել է, որպեսզի Աստծուն չհավատան և տառապեն: Նրա նպատակն է՝ Աստծո պատկերով ստեղծված մարդկանց տանջելն ու նսեմացնելը:

Սիրելինե՛ր, հավատացե՛ք Տիրոջ Խոսքին: Որքան էլ դժվար լինի, ձեր հայացքն ուղղե’ք Աստծուն, աղոթե’ք և վստահե’ք Նրան. Նա կհոգա ձեր կարիքների մասին: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: