Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գիտակցի աղոթքի կարևորությունը: Մենք պետք է ձգտենք հոգևոր հասունության: Հասուն քրիստոնյան չի սպասում, որ իրեն անընդհատ ասեն` աղոթի՛ր, աղոթի՛ր: Նա գիտի, թե երբ պետք է աղոթել և ինչպես:

Կար ժամանակ, երբ Հիսուսն Իր աշակերտներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է աղոթել (Մատթ. 6.5-15): Սակայն մեկ այլ դեպքում Նա արդեն պահանջում էր. “…մեկ ժա՞մ էլ չկարողացաք Ինձ հետ արթուն մնալ”: Հավանաբար, Նա հիասթափված էր` տեսնելով, որ Իր աշակերտները քնած էին այն ժամին, երբ պետք է արթուն լինեին և աղոթեին:

Իհարկե, մեկ ժամ աղոթելը դժվար է, եթե չգիտես, թե ինչի համար և ինչպես պետք է աղոթել: Սակայն եթե փորձենք աղոթել այնպես, ինչպես Հիսուսը սովորեցրեց, մեկ ժամն աննկատ կանցնի: Նա մեզ տվեց “Հայր մեր” աղոթքը, որի յուրաքանչյուր տողն առանձին աղոթքի թեմա է:

Մի՛ դադարեք աղոթելուց: Գրված է. “…թակե՛ք, և կբացվի”:

Աղոթքը ոչ միայն խնդրվածք է, այլև հոգևոր պայքար: Մենք ներխուժում ենք սատանայի “ճամբար” և մարդկանց ազատագրում գերությունից, վերադարձնում այն ամենը, ինչ սատանան գողացել է մեզնից:

Մի անգամ եկեղեցում ինձ մոտեցավ մի կին` արցունքներն աչքերին, և սկսեց պատմել իր կյանքի պատմությունը: Ես մտածում էի, թե ինչ խորհուրդ տամ նրան, բայց հասկացա, որ միայն Աստված կարող էր նրան օգնել: Ասացի. “Քույրի՛կ, եթե վիշտդ Աստծուն պատմես այնպես, ինչպես ինձ ես պատմում, Նա քեզ կօգնի”: Ցավոք սրտի, այդ կինը չէր հավատում, որ Աստված իրեն լսում է:

Սիրելինե՛ր, Աստված մեզ լսում է: Հավատքով աղոթե՛ք, և ձեր կյանքը կփոխվի:

Մենք ունենք Աստծո սպառազինությունը: Այնպես որ, գոտեպնդվե՛ք ճշմարտությունով, հագե՛ք արդարության զրահը, փրկության սաղավարտը, խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը, վերցրե՛ք Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է, և հավատքի վահանը, որ մարում է չարի կրակոտ նետերը: Արթո՛ւն եղեք և ամեն ժամանակ Հոգով աղոթե՛ք: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: