Մի պահ մտածեք, թե որքան բարձր է երկինքը երկրից: Գրված է, որ այդքան էլ զորավոր է Տիրոջ գութը Իրենից վախեցողների վրա:

Շփվելով մարդկանց հետ՝ ես հասկացել եմ, որ գրեթե բոլորն էլ մխիթարության կարիք ունեն, պարզապես շատերը դա ցույց չեն տալիս: Բոլորն էլ կցանկանային, որ ինչ-որ մեկն իրենց գթար, ողորմած լիներ իրենց հանդեպ:

Հիշեք, թե հիվանդ ժամանակ ինչպես եք փափագում, որ ձեր հարազատները՝ ամուսինը կամ կինը, ծնողները, երեխաները, նստեն ձեր կողքին, զրուցեն ձեզ հետ կամ մխիթարեն ձեզ: Յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել են պահեր, երբ մեզ պատկերացրել ենք մահացած և մխիթարվել այն մտքով, որ մեր ծանոթներն ու հարազատները կլացեն ու կսգան մեզ համար: Սա հենց նշան է, որ բոլորս էլ ունենք գթության և ողորմության կարիք:

Մի անգամ աշխարհիկ մարդկանց շրջանում հարցում էին անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպիսի պարգևատրում կցանկանային ստանալ իրենց աշխատանքի դիմաց` տնօրենի կողմից շնորհակալություն, դրամական պարգևատրում, թե հիմնարկության հաշվին արձակուրդ: Մեծամասնությունը գերադասել էր տնօրենի կողմից շնորհակալության արժանանալ:

Երբ նմանատիպ հարցում անցկացրի հավատացյալների շրջանում, տեսա, որ մեծամասնությունը գերադասում է արձակուրդը կամ դրամական պարգևատրումը: Կարծում եմ` պատճառն այն է, որ հավատացյալները մշտապես վերապրում են Աստծո գութը, և շատ անգամ մարդկանցից մխիթարություն ստանալու կարիք չեն զգում:

Սիրելինե՛ր, Աստծո գութը Իրենից վախեցողների վրա է: Լցվե՛ք Տիրոջ երկյուղով, պատվե՛ք Նրան և Նրա Խոսքը, և Տերը ձեզ կմխիթարի: Հիշե՛ք, որ Տիրոջ երկյուղը պետք է պահպանել, այլապես հեշտությամբ կկորցնեք: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: