Երեկ կարդացինք, որ Դանիելը հաջողություն գտավ Պարսից երկրում: Այսօրվա խոսքում տեսնում ենք, որ նա ոչ միայն հաջողություն ուներ, այլև բարձր էր բոլոր հրամանատարներից և կուսակալներից: Թագավորը նույնիսկ մտածում էր, որ նրան իր ողջ թագավորության վրա դներ: Պատճառն այն չէր, որ Դանիելը գեղեցիկ էր կամ մտավոր բարձր տվյալներ ուներ, այլ՝ նրա մեջ գերազանց հոգի կար:

Այդ ի՞նչ հոգի էր Դանիելի մեջ, որ մյուսները չունեին:

Սիրելինե՛ր, Դանիելի մեջ Սուրբ Հոգին էր, Նրա զորությունը: Այդ նույն Հոգին այսօր ձեր մեջ է: Եթե առաջնորդվեք Սուրբ Հոգով, ունենաք Տիրոջ իմաստությունը, որտեղ էլ աշխատեք, ձեզ կբարձրացնեն: Սա է Աստծուն հետևողների ճակատագիրը:

Նայե՛ք Հովսեփի կյանքի օրինակին: Նրան անտեղի մեղադրեցին և բանտարկեցին, բայց նա դուրս եկավ բանտից և դարձավ Եգիպտոսի տիրակալը, որովհետև նրա մեջ Աստծո գերազանց հոգին էր բնակվում:

Մենք էլ իշխանություն ունենք` հռչակելու Հիսուս Քրիստոսի նման, որ Տիրոջ Հոգին մեզ վրա է, և Տերը օծել է մեզ:

Գնահատե՛ք Սուրբ Հոգու ներկայությունը: Նրա զորությունը մեզ չի տրվել միայն օտար լեզուներով աղոթելու համար: Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ օգնի՝ մեծ գործեր իրականացնելու Տիրոջ համար: Նախանձավո՛ր եղեք ձեր կոչման հանդեպ, մի՛ անտեսեք այն, ինչ պետք է անեք Սուրբ Հոգով:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: