DAILY DEVOTION-am-1200-600

Հիսուս Քրիստոսն ասաց. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձանում խաղաղություն ունենաք…»: Տերը նկատի չուներ այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս. Նա խոսում էր ոչ թե արտաքին, այլ ներքին խաղաղության մասին, որ մարդկային մտքից վեր է, և միայն Ինքը կարող է տալ:

Իհարկե, աշխարհը խաղաղ կյանք ունենալու իր տարբերակներն է առաջարկում, սակայն դրանք ապահով չեն: Գրված է. «Երբ որ կասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղիի վրա, և նրանք չեն պրծնի» (Ա Թեսաղ.5.3): 

Սիրելինե՛ր, առանց Աստծո չենք կարող ճշմարիտ խաղաղություն ունենալ: Ահա թե ինչու պետք է մշտապես հաղորդակցվենք Նրա հետ՝ աղոթելով և կարդալով Սուրբ գիրքը: Ես խոսում եմ ոչ թե անգիր արած աղոթքների, այլ Աստծո հետ կենդանի շփման մասին, որն անպայման իր պտուղը կտա մեր կյանքում: Չէ՞ որ երբ Աստված խոսում է մեզ հետ, մեր սիրտը լցվում է ուրախությամբ և խաղաղությամբ:

Հիսուսն ասաց. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացե՛ք, Ես հաղթել եմ աշխարհին»: 

«Աշխարհ»-ի մեջ մտնում են նաև մեր բոլոր նեղությունները: Ուստի, ձեր այսօրվա նեղությունները օտար մի՛ համարեք, այլ աղոթե՛ք, կարդացե՛ք Աստվածաշունչը և լցվե՛ք Տիրոջ խաղաղությամբ` հավատալով, որ Նա ձեր բոլոր խնդիրները կլուծի:  Նա ամենակարող է, և Նրա համար անհնարին բան չկա: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: