«Այլ երկրներում օրհնություն փնտրելու փոխարեն ի՛նքդ եղիր օրհնություն հենց քո երկրում: Դու պատահական չես ծնվել, դու Աստծո դեսպանն ես այստեղ»,- այս մասին դեկտեմբերի 5-ի և 6-ի եկեղեցական ծառայություններին քարոզեց Լիբանանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սևակ Բարսեղյանը:

Սևակ Բարսեղյանը քարոզն սկսեց տեսահոլովակի ցուցադրությամբ, ներկայացրեց, թե ինչպես էին իրենք ծառայել և օգնություն տրամադրել Լիբանանում վրանաբնակ սիրիացի փախստականներին:

«Մենք հասկացանք, որ այդ մարդիկ ավելի շատ սիրո կարիք ունեին, քան այն օգնության, որը հասցրինք: Շատերը վերքեր ունեին, հիվանդ էին: Մենք աղոթեցինք իրենց համար և մի քանի այցից հետո նրանք վկայեցին, որ բոլորն առողջացել են»,- ասաց Սևակը և հավելեց,- «Երբ մենք ինչ-որ քայլ ենք կատարում, համաձայն Գործք առաքելոցի, Տերն անպայման գործակից է լինում մեր աշխատանքին»:

«Դու Քրիստոսի մարմինն ես այս երկրի վրա, դու Նրա պատկերն ես և կանչված ես որպես միսիոներ, ավետարանիչ և Աստծո դեսպան: Արթնությո՛ւն բեր այնտեղ, որտեղ կաս, ապրում ես, աշխատում, սովորում. եթե դու արթուն լինես, ազգերը կարթնանան»,- ասաց Սևակ Բարսեղյանը:

 Նա նաև հորդորեց՝ չլքել Հայաստանը սննդի և ֆինանսական օրհնություն հայթայթելու պատճառով, քանի որ մեզ առաջնորդողը հացը չէ.

««Որտեղ հաց, էնտեղ կաց» սկզբունքն իրական անեծք է դարձել մեր ժողովրդի համար: Մեզ ուղղորդողն Աստված է և Իր խոսքը: Եթե Տերը չի առաջնորդում ձեզ՝ լքել երկիրը, ապա ֆինանսների համար մի՛ գնացեք: Օրհնություն փնտրելու փոխարեն ինքներդ սկսեք օրհնել ուրիշներին, և կլինեք օրհնված Տիրոջ կամքով»:

Նա որոշում կայացնելու կոչ արեց՝ այս աշխարհում լինել արթուն քրիստոնյա և Տիրոջը ծառայող զորավոր «դեսպան», ով, որտեղ էլ լինի, Տիրոջ Խոսքն իր շուրթերից չի հեռացնի և իրեն շրջապատողների համար օրհնություն ու լույս կլինի:

Ծառայության վերջում մարդիկ վկայում էին իրենց հրաշքների մասին.

«Փա՛ռք Հիսուսին, ես իմ հավատքով բժշկվել եմ, շնորհակալ եմ Աստծուց: Արթուր Սիմոնյանի  քարոզից հետո ծնկիս սուր ցավերն անհետացել են»,- ասաց Սոնիկը:

«Անցած շաբաթ ծառայության ժամանակ հայտնել էի, որ ինձ համար շատ հարազատ մի կին լույս աշխարհ էր բերել առողջական խնդիրներով երեխայի: Բժիշկները հույս չէին տալիս, որ փոքրիկը կապրի: Եկեղեցում աղոթեցինք նրա համար, և փա՛ռք Աստծուն, Տերն Իր ժողովրդի խնդրանքը չի մերժում: Նա կանգնած է Իր խոսքի ետևում: Նորածինն արդեն ապաքինվում է և շատ շուտով կմիանա մայրիկին»,-ասաց Մարտիրոսյան Արմիկը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: