Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անեք` ինչպես արժան է, չգիտենք, բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում:
Հռոմեացիներին 8.26
Սուրբ Հոգին օգնում է մեր տկարություններին: Մենք երբեմն չգիտենք, թե ինչի համար և ինչպես պետք է աղոթենք, բայց Նա անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար:
Շատերը, լսելով Սուրբ Հոգով մկրտության և այլևայլ լեզուներով աղոթքի մասին, սկսում են վիճաբանել: Սակայն Աստվածաշնչում հստակ գրված է, որ լեզուները Սուրբ Հոգու պարգևն են, և մենք չենք կարող դա անտեսել: Կան մարդիկ, ովքեր օժտված են լեզուների թարգմանության պարգևով և կարող են թարգմանել օտար լեզուներով աղոթքը:
Աստվածաշնչում խոսվում է ոչ միայն այլևայլ լեզուներով աղոթքի, այլև անբարբառ հառաչանքների մասին: Դանիելի մարգարեությունում գրված է, թե ինչպես Բաղդասար թագավորի պալատում մի ձեռք հայտնվեց և պատին գրեց. “Մանե, մանե, թեկեղ ու փարսին”: Սա նման է անբարբառ հառաչանքների: Միայն Դանիելը կարողացավ մեկնել անհասկանալի գիրը: Նա ասաց. “Այս է խոսքի մեկնությունը. Մանե, Աստված համարել է քո թագավորությունը և նրան վերջ տվել…” (Դանիել 5.26):
Մեկ բառի մեջ մի ամբողջ խորհուրդ էր ամփոփված: Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկ ժամ աղոթում ենք Սուրբ Հոգով: Մենք խորհուդներ ենք խոսում Աստծո հետ: Պողոս առաքյալն ասում է. “Լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ. որովհետև ոչ ոք չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում” (Ա Կորնթ. 14.2):
Աստված չի կամենում, որ սատանան իմանա մեր խնդիրների մասին և դրանք օգտագործի մեր դեմ: Սուրբ Հոգին, տեղյակ լինելով, թե ինչ է տեղի ունենում մեր ներսում, անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար: Դրանք նման են կոդի, որ միայն Աստված է հասկանում: Գրված է. “Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը…” (Հռոմ. 8.27):
Սիրելինե’ր, հավատացե’ք, որ նույնիսկ մենք չգիտենք, թե մեզ ինչ է պետք, բայց Սուրբ Հոգին գիտի: Ուստի, մի’ դադարեք Սուրբ Հոգով աղոթելուց, որովհետև Նա բարեխոսում է ձեզ համար, և Աստված պատասխանում է ձեր աղոթքներին, զորացնում և օգնում ձեզ:
Եղեք օրհնվա’ծ: Ամե°ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: