Ազատություն թմրանյութերի 30-ամյա գերությունից

Մեր զրուցակցի՝ Արթուր Մխիթարյանի մեղավոր, աշխարհիկ կյանքն ընդգծված է եղել վառ, արտահայտիչ գույներով: Արթուրը թմրանյութեր ընդունել է դեռ վաղ հասակից: Շարունակել է օգտագործել շուրջ 30 տարի, այդ ընթացքում չափաբաժնի չարաշահման պատճառով շուրջ 10 անգամ կլինիկական մահ է տարել: Մեզ հետ զրույցում նա պատմում է, թե ինչպես երկարատև «գերությունից» հետո Աստված նրան ազատագրեց, ներեց և ընդունեց Իր մեծ ընտանիք:

«Մեծացել եմ զարգացած, կրթված ընտանիքում: Ծնողներս աշխատել են՝ հնարավորինս լավ կրթության տալ ինձ: Բայց և այնպես, ձգտում ունեի բակի, ընկերական շրջապատի:

Արդեն դպրոցական տարիքից թմրանյութեր եմ ընդունել,  ժամանակ առ ժամանակ ծխում էի: Իսկ մի քանի դասընկերների հետ նաև քիչ քանակությամբ ալկոհոլային խմիչք էինք օգտագործում:

Երբ ընդունվեցի բարձրագույն ուսումնական հաստատություն, սկսեցի ավելի ուժեղ չափաբաժնով թմրանյութ ընդունել: Դա պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ արդեն իսկ օգտագործում էի այն, այլև իմ նոր ընկերներով: 

Երբ թմրանյութ ես օգտագործում, աշխարհին նայում ես «վարդագույն քողի ներքո», խնդիրներիդ մասին պարզապես մոռանում ես: Դրանք չեն դադարում գոյություն ունենալ, բայց քեզ համար կորցնում են իրենց կարևորությունը: Թմրամոլությունը կարծես կախարդություն լինի, որը իրականությունդ պատրանքի է վերածում, փոխում է հոգեբանությունդ, մտածելակերպդ: Թմրանյութը խաբկանք է, իսկ այն հաճույքը, որ ստանում ես նրանից, սարսափելի մղձավանջի  միայն սկիզբն է:

Հաճելի քաղցրությանը հաջորդում է կախվածությունը՝ մտածմունքն այն մասին, թե այս անգամ որտեղից ես գումար հայթայթելու հերթական չափաբաժինն ընդունելու համար, որտեղից ես գնելու և այլն: Կախվածությունն արտահայտվում է նաև մարմնապես: Մարմինդ անտանելի ցավում է, անհարմարության զգացում ես ունենում: Եվ ինչքան շարունակում ես, այնքան ավելի է ծանրանում կյանքդ: Հոգեբանությանդ մեջ էլ միայն թմրանյութ գտնելու գաղափարն է և վախը, որ ամեն պահի կարող ես մահանալ կամ բռնվել: Դու կարծես կենդանի մահացած լինես:

Ընտանիքս չգիտեր, որ թմրամոլ եմ: Ես ամեն բան շատ գաղտնի, քողարկված էի անում, որ ընտանիքիս անդամները գլխի չընկնեն. վախենում էի հայրիկիցս և ավագ եղբորիցս:

Որոշ ժամանակ անց հիվանդացա դեղնախտով, ինչն անխուսափելի է թմրամոլների դեպքում: Գրեթե կես ուսումնական տարի չգնացի համալսարան: Հիվանդանոցում էի: Այնտեղ հիվանդներից շատերին ճանաչում էի, քանի որ նրանք էլ էին թմրամոլ: Հաջողվում էր նույնիսկ հիվանդանոցում թմրանյութ ընդունել:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նույն կերպով շարունակեցի կյանքս միայն այն տարբերությամբ, որ աստիճանաբար ավելի շատ և միանգամից մի քանի տեսակի թմրանյութեր էի ընդունում. և՛ ծխում էի, և՛ ներարկումներ կատարում, և՛ հաբեր ընդունում:

Ինչ վերաբերում է կրթությանս, ապա պետք է ասեմ, որ մասնագիտությունս ինձ չէր գրավում: Ես սովորում էի գյուղատնտեսական ինստիտուտում համալսարանավարտ լինելու և դիպլոմ ունենալու համար, քանի որ ծնողներս այդպես էին ուզում:

Ես այնքան շատ էի գործածում տարբեր թմրանյութեր, որ դեմքս կանաչ երանգ էր ստանում: 1988-89թթ.-ին կրկին հայտնվեցի հիվանդանոցում՝ «Հեպատիտ B» ախտորոշմամբ: Ես հասկանում էի, որ այդկերպ շարունակել չի կարելի, բայց և ինչքան փորձում էի ինքնուրույն հրաժարվել թմրանյութերից, չէր ստացվում:

Այդ ժամանակ վերականգնողական կենտրոններ չկային Հայաստանում: Որոշեցի դիմել ծանոթ բժշկի, ով կօգներ ինձ այդ հարցում: Նա ինձ հուսադրում էր, որ դեղամիջոցներով հնարավոր է ազատվել կախվածությունից: Հենց բուժման կուրսի ընթացքում էլ ծնողներս դեղահաբեր գտան մեր ավտոտնակում, որտեղ թաքցրել էի դրանք: Ես նրանց ասացի, որ թմրանյութեր եմ ընդունում, բայց որոշել եմ հրաժարվել: Երբ նրանք իմացան, որ բուժման կուրս եմ անցնում,  խրախուսեցին:

Սակայն, որքան էլ ջանում էի թողնել թմրամոլի կյանքը, ամեն բան ապարդյուն էր. այն կարծես շղթաներով կապել էր ինձ: 

Այս կյանքում սուտն իմ անբաժանելի մասն էր դարձել: Պահվածքով, վարվելակերպով այլ մարդ էի, ներքուստ՝ միանգամայն այլ: Մի շրջապատում ես կրթված ու հաճելի երիտասարդ էի, մյուսների համար թմրամոլ: Այլ կերպ հնարավոր չէր:

Առաջին անգամ 1994-95թթ.-ին թմրանյութի չարաշահումից կլինիկական մահ տարա: Շատ աղոտ հիշողություններ ունեմ այդ դեպքի մասին: Ինձ հետո են պատմել, որ այդ օրը երկու անգամ էին շտապ օգնություն կանչել, քանի որ նրանք, ովքեր նման դեպքերի փորձառություն չունեին, չկարողանալով օգնել, թողնում-գնում էին՝ կարծելով, թե մահացած եմ:

Միայն մի կին հասկացավ՝ ինչ է կատարվել ինձ հետ, և նրա՝ լեզվիս տակ ինչ-որ բան ներարկելուց հետո միանգամից ուշքի եկա: Բազմիցս եմ չարաշահել թմրանյութերի չափաբաժինը: Գրեթե 10 կլինիկական մահ եմ տարել: Այդպես հիմնականում պատահում էր այն ժամանակ, երբ ալկոհոլ ընդունած վիճակում էի թմրանյութ ընդունում: Հիշում եմ, որ ուշքի գալուց հետո կատարյալ դատարկություն էի զգում: Այդ պահին կարծես ներսդ ջնջած լինեն, դու ոչինչ ես, և ոչինչ չկա ներսումդ:

Ինձ համար թմրանյութը օդի պես էր, առանց որի չես կարող ապրել: Սարսափելի էր այդ կախվածությունը: Թմրանյութեր ընդունել եմ ավելի քան 25 տարի: Այս ահռելի ժամանակահատվածում ես փորձել եմ չընդունել դրանք մի քանի օր, մի քանի ամիս, նույնիսկ  1 տարի: Բայց այդ ընթացքում ուղղակի փակվում, առանձնանում էի, որպեսզի չտեսնեմ թմրադեղ, չշփվեմ թմրամոլների հետ: Պարզ է, որ հավիտյան այդպես ապրել չէի կարող:

Սովորաբար, երբ դադարում ես թմրանյութեր ընդունել, խմում ես: Ինձ հաճելի էր խմելը: Ես անհագ խմում և ծխում էի:

2005թ.-ին իմ մանկության ընկերներից մեկը, ով մի քանի տարի առաջ էր ապաշխարել, ինձ Աստծո Խոսք քարոզեց: Նա խոսում էր, բայց ես չէի ընդունում և դեմ էի դուրս գալիս: Ընկերս ինչ-ինչ պատճառներով եկեղեցի չէր հաճախում, բայց փա՛ռք Աստծուն, որ նա ամիսներ շարունակ աղոթում էր ինձ համար:

Մեկ անգամ, երբ մանկության երեք մտերիմ ընկերներով ալկոհոլ էինք խմում, ընկերս կրկին քարոզեց: Մյուս ընկերս առաջարկեց ամեն դեպքում լսել նրան: Ես առաջին անգամ որոշեցի հասկանալ, կշռադատել, թե ինչ է ասում: Հետո նա ինձ Աստվածաշունչ նվիրեց և խնդրեց կարդալ:

Մի օր էլ, երբ ինձ մոտ անօրինական ճանապարհով ձեռք բերված գումար կար, և  ճանապարհ էի ընկել՝ ծախսելու այն, մեքենաս լվացման տվեցի, այդ ընթացքում, ինքնաբերաբար մեքենայից վերցնելով մի փոքրիկ գիրք, սրճարան գնացի: Գիրքը ներկայացնում էր աստվածաշնչյան առակներից մեկը՝ «Անառակ որդու վերադարձը»: Սկսեցի կարդալ: Գրքի յուրաքանչյուր տող կարծես ինձ համար լիներ: Յուրաքանչյուր բառ կպչում էր սրտիս: Հիշեցի կյանքս, մեկ առ մեկ մտաբերեցի մեղքերս: Սկսեցի լացել այնպես, որ ոչ ոք չնկատի:

Այդ դեպքից հետո բացում էի Աստվածաշունչը և մեծ ոգևորությամբ կարդում, չնայած նրան, որ շարունակում էի նույն մեղավոր ապրելակերպս: Սկզբում կարդացի Նոր կտակարանը, հետո որոշեցի կարդալ Հինը: Բայց Հին կտակարանից ոչինչ չէի հասկանում: Արդյունքում ընթերցանությունն այնքան ծանրացավ, որ ուղղակի կանգ առա: Հետո չարը կրկին ինձ աշխարհ քաշեց: Այսպես տևեց շուրջ 7 տարի: Ես կարճ աղոթքներ էի անում, փնտրում էի Աստծուն, բայց նաև լինում էին պահեր, որ ուղղակի մեռնել էի ուզում:

Հասել էի մի մակարդակի, որ եթե առավոտյան արթնանայի, և թմրանյութ չլիներ, հնարավոր էր՝ անկողնուց չկարողանայի բարձրանալ: Ընդունելուց հետո նստում էի բազկաթոռին ու խնդրում Աստծուն, որ օգնի ինձ: Մեկ անգամ էլ ներսիցս լսեցի. «Դու չե՛ս կարող: Ասա՛, որ Ես օգնեմ»: Խնդրեցի, որ Տերն օգնի:

Որոշ ժամանակ անց գնացի Մոսկվա: Այնտեղ ձեռքս ընկավ Դերեկ Պրինսի «Անեծք և օրհնություն» գիրքը, որից հետո գերբնական մի բան կատարվեց: Սուրբ Հոգին գործեց իմ կյանքում: Նա մեկ առ մեկ հիշեցրեց ինձ նրանց մասին, ում պետք է ներեի, հիշեցրեց մեղքերս, որ ապաշխարեմ: Այնուհետև խոսք ստացա, որ հիմա էլ սպասեմ Աստծո օրհնություններին:

Ասեմ, որ հավատքիս հարցում որոշակի գրագիտություն ունեի, թեև կանոնավոր կերպով չէի հաճախում որևէ եկեղեցի: Ամեն օր աշխատանքից հետո տուն էի շտապում, որ կարդամ Սուրբ գիրքը, իսկ երբ ուզում էի տասանորդ տալ, մտնում էի առաջին պատահած եկեղեցին և տալիս էի:

Arthur mxitaryanՀետո մի ծանր շրջան սկսվեց: Թմրանյութերից հրաժարվել այդպես էլ չէի կարողանում, իսկ դեղնախտն արդեն քրոնիկ բնույթ էր կրում: Կարծես կանգնած լինեի Քրիստոսի և աշխարհի միջև եղած կամուրջին, որը մարդուն մոտեցնում է Երկնքին: Ասես այդ կամուրջի կենտրոնում լինեի, իսկ աշխարհը քաշեր ինձ:

Երբ աշխարհիկ ես, գիտես, որ պետք է գայլի օրենքներով ապրես, բայց քրիստոնյայի կյանքում այդ նույն օրենքները չեն գործում: Սարսափելի է, երբ, իմանալով հանդերձ, որ կատարածդ քայլը մահվան է տանում, չես կարողանում կանգ առնել: Միևնույն ժամանակ չես կարողանում տեղավորվել այն աշխարհում, որտեղ նախկինում ապրում էիր՝ ինչպես ձուկը ջրում:

Իմ ընկերներից մեկը, ով հովիվ է, համոզելով հրավիրեց ինձ եկեղեցի, որտեղ բժշկության ծառայություններ են անցկացվում: Փա՛ռք Հիսուսին, որ ես գնացի այդ ծառայություններին, քանի որ աղոթքից հետո կատարելապես բժշկվեցի: Այնտեղ ինձ համար սիրով հոգ տարան: Հաստատվելով եկեղեցում՝ սկսեցի ծառայել Աստծուն, և իմ կյանքն արմատապես փոխվեց:

Այսօր ես կատարելապես ազատ եմ բոլոր տեսակի կախվածություններից: Եթե նախկինում պետք է փակվեի տան մեջ և զսպեի ինձ, ապա այժմ ամեն բան այլ է: Թմրանյութերն ու թմրամոլներն ինձ վրա ազդեցություն չունեն: Ես ազատորեն կարողանում եմ շփվել նրանց հետ, նստել իրենց կողքին և քարոզել Աստծո Խոսքը»:

Այժմ Արթուր Մխիթարյանը հաստատված է «Կյանքի Խոսք» եկեղեցում, որտեղ նաև ծառայում է: 2014թ.-ին Արթուրը սովորում էր եկեղեցու Աստվածաշնչյան դպրոցում, իսկ հիմա հաճախում է Ավագների դպրոց:

Ամենամեծ հրաշքը՝ տեսնել մարդկանց, ում կյանքն Աստված փոխել է:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: