Բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը և դուռդ փակած աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկում է. և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ:

Մատթեոս 6.6

Այսօրվա խոսքը դարձյալ աղոթքի մասին է: Եթե նախորդ մի քանի ուղերձները չեք կարդացել, խորհուրդ կտամ անպայման կարդալ, որովհետև դրանք միմյանց լրացնում են:

Հիսուս Քրիստոսն ասաց, որ երբ աղոթում ես, մտի՛ր քո սենյակը, ծածուկ աղոթի՛ր, և Հայրը քեզ հայտնապես կհատուցի:

Ո՞րն է “ծածուկ աղոթքը”: Մի անգամ ծանոթներիցս մեկը, տեսնելով իր ընկերոջ գեղեցիկ բլուզը, նրան ասաց. “Ինչ գեղեցիկ է, ես վաղուց այսպիսի բլուզ էի ուզում ունենալ”: Այնուհետև նա բոլորի առջև սկսեց աղոթել. “Տե՛ր Աստված, խնդրում եմ, ինձ էլ այսպիսի բլուզ տուր”: Նրա ընկերը ստիպված իր բլուզը հանեց և նվիրեց նրան: Այդ մարդու աղոթքն ավելի շատ նման էր ողորմություն խնդրելու, քան աղոթքի:

Սիրելինե՛ր, եթե դուք ինչ-որ բանի կարիք ունեք, մարդկանց մի՛ պատմեք դրա մասին: Մարդիկ չեն կարող լրացնել ձեր բոլոր կարիքները: Առանձնացե՛ք և ծածուկ աղոթե՛ք Աստծուն: Այդ ժամանակ հայտնապես պատասխան կստանաք:

Ես բազմաթիվ դեպքեր եմ հիշում, երբ կնոջս հետ ծածուկ աղոթել ենք ինչ-որ բանի համար, և հայտնապես պատասխան ենք ստացել: Ընդ որում՝ մինչ այդ ոչ ոքի չենք պատմել մեր խնդիրների մասին:

Երկրորդ Օրինաց 29.29-ում գրված է, որ ծածուկ բաները Տիրոջ համար են: Նշանակում է՝ կան բաներ, որ միայն Աստծուն պիտի պատմենք, որովհետև մարդիկ մեզ չեն հասկանա, նույնիսկ կծիծաղեն մեզ վրա:

Եկեք մեր սիրտը բացենք մեր Երկնային Հոր առջև, և Նա, որ ծածուկը տեսնում է, հայտնապես կհատուցի մեզ, որպեսզի մենք էլ ուրիշներին վկայենք մեր կյանքում տեղի ունեցած հրաշքները:

Թող Տիրոջ զորությունը ձեզ հետ լինի: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: