Հեսուն հրաշալի խոսքեր հռչակեց. “…ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու”: Ժամանակ առ ժամանակ սրտումս մեծ ցանկություն է առաջանում՝ հատուկ հավաքույթներ կազմակերպելու տղամարդկանց համար, որպեսզի տղամարդիկ հավաքվեն մեկտեղ, երկրպագեն և պաշտեն Տիրոջը:

Շատ անգամ, երբ խոսվում է Տիրոջը ծառայելու մասին, տղամարդիկ սկսում են երկմտել՝ ծառայե՞ն, թե՞ ոչ: Հեսուն մեզ համար լավ օրինակ է. նա տղամարդուն վայել հայտարարություն արեց՝ պատասխանատվություն վերցնելով ոչ միայն իր, այլև իր ընտանիքի և ժողովրդի հոգևոր վիճակի համար:

Ես հավատում եմ, որ բարձրանում է տղամարդկանց նոր սերունդ, ովքեր ոչ թե իրենց ընտանիքի անդամներին կհարցնեն՝ ուզում եք փրկվել, թե ոչ, այլ համարձակորեն կհռչակեն. “…ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու”:

Պատկերացրեք, թե ձեր ընտանիքով մի նավի մեջ եք, որն սկսում է խորտակվել: Ինչպե՞ս կվարվեք: Մի՞թե ձեր կանանց և երեխաներին կհարցնեք՝ ուզում եք փրկվել, թե ոչ: Համոզված եմ, որ, առանց մեկ վայրկյան կորցնելու, նրանց փրկարար բաճկոններ կհագցնեք: Նմանապես, ոչ ոք իր հիվանդ երեխային չի հարցնի՝ ուզում ես դեղ խմել, թե ոչ, այլ ամեն ինչ կանի, որ նա անհրաժեշտ բուժում ստանա: Ճիշտ այդպես էլ պետք է համարձակ որոշում կայացնեք ձեր ընտանիքի անդամների հոգևոր փրկության հարցում:

Հեսուն ժողովրդին ասում էր. “Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեցե՛ք այսօր…”: Շատերի համար ավելի հաճելի է հեռուստացույցի առջև նստելը կամ դատարկաբանությամբ զբաղվելը, քան Տիրոջը ծառայություն անելը: Սակայն հավատացած եմ, որ այսօրվա խոսքը կարդալով՝ դուք կգիտակցեք Տիրոջը ծառայելու կարևորությունը, և Հեսուի նման կհռչակեք. “…ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու”:

Սիրելինե՛ր, կյանքը կարճ է: Մենք ապրում ենք վերջին օրերում, և շատ քիչ ժամանակ է մնացել Տիրոջը ծառայելու համար: Եկե՛ք փրկօղակ նետենք կործանվող մարդկանց, որպեսզի նրանք էլ փրկվելու և Տիրոջը ծառայելու հնարավորություն ունենան: Աստվածաշունչն ասում է, որ վերջում անպայման կտեսնենք Տիրոջը ծառայողի և չծառայողի տարբերությունը: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: