Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի:

Եսայի 40.31

Տիրոջն ապավինողները նրանք են, ովքեր ցանկացած իրավիճակում վստահում են Տիրոջը: Նրանց հույսը ոչ թե մարդու, այլ Աստծո վրա է: Աստված այդպիսի մարդկանց հրաշալի խոստում է տալիս՝ նրանք կնորոգվեն ուժով և նորանոր բարձունքներ կնվաճեն:

Մենք ժամանակ առ ժամանակ հարցեր ենք ունենում՝ ինչո՞ւ հաջողակ չենք կամ ինչո՞ւ ավելի մեծ բարձունքների չենք հասնում:

Սիրելինե′ր, որքան ապավինենք Տիրոջը, այնքան կօրհնվենք: Եթե ամբողջ կյանքում ապավինենք Նրան, ամբողջ կյանքում օրհնված կլինենք: Աստված խոստանում է, որ արծիվների պես վեր կսլանանք, կգնանք և չենք հոգնի, կվազենք և ուժասպառ չենք լինի:

Մի՞թե հրաշալի չէ: Այս խոստումը մեզ կօգնի՝ առաջ գնալու: Որ բնագավառում էլ աշխատենք՝ կրոնի, քաղաքականության, արվեստի, թե այլ, ֆիզիկապես և հոգեպես նորոգվելու կարիք ունենք, այլապես հետզհետե “կմարենք”:

Յուրաքանչյուրս ձգտում ենք բարձրանալու և Աստծո փառքի մեջ ապրելու: Դրա համար միայն մեկ ճանապարհ կա. ողջ սրտով ապավինենք Աստծուն, և Նա կհոգա մեր կյանքի մասին: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: